2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ առաջնագիծը նոսրացած չի եղել, առաջնագծում ընթացել է սովորական մարտական աշխատանք: Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ով «Մարտի 1-ի» դեպքերի ժամանակ եղել է Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ:
«Ես՝ որպես օպերատիվ վարչության պետ, նաև պատասխանատու եմ եղել մարտական հերթապահության կազմակերպման համար: Տվյալ դեպքերի ժամանակ առաջնագծի անմիջական գործողություններն այդ դեպքերի հետ պետք չէ կապել»,- ասաց նա:
Արտակ Դավթյանի տվյալներով՝ անմիջապես 2008 թ. մարտի 1-ից հետո՝ մարտի 5-ին, Արցախի Հանրապետության հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխվել: Հայկական կողմն այդ ժամանակ ունեցել է 2 վիրավոր, իսկ հակառակորդը՝ 10-12 զոհ: «Սա՝ կապված մարտի 1-ի օրերի հետ, բայց սա մի քիչ վիճելի հարց է, որովհետև 2014-2015 թթ. մենք ունեցել ենք 80-ից ավելի նման գործողություն սահմանում:
Հիմա ինչի՞ հետ կապենք այդ 80 գործողությունները»,- նշեց ԳՇ պետը: Հարցին, թե «Մարտի 1-ին» բանակը կրակել է բնակարանների ուղղությամբ, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Բանակը չի կրակել բնակարանների ուղղությամբ, եթե կրակել է՝ կրակել են անհատ ինչ-որ զինծառայողներ, որոնք ունեն ազգանուններ, որոնց տակ կանգնած են անհատ մարդիկ»:
Ճշտող հարցին, թե կրակելու հրաման եղե՞լ է, ԳՇ պետը հայտնեց. «Նման հրաման չի եղել»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին հայտարարել էր. «Ռոբերտ Քոչարյանը 2008 թ. հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել է, բերել և սեփական ժողովրդին օկուպացրել է, և դա ապացուցված է: Եվ այդ ընթացքում մեր երեխեքին խրամատներում փոխող չի եղել, նրանք, որ պետք է մնային 14 օր, մնացել են շատ ավելի երկար: Մեր սահմանը եղել է անպաշտպան»:
Իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նախօրեին տեղի ունեցած ասուլիսին ասել էր, որ բանակը մասնակցել է «Մարտի 1»-ի միջոցառումներին, կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը