02 09 2018

ԵՄ բնակիչները դեմ են ձմեռային ժամանակի անցմանը

ԵՄ բնակիչները դեմ են ձմեռային ժամանակի անցմանը

Եվրոպացիների ճնշող մեծամասնությունը՝ 80 տոկոսից ավելին, չեն ցանկանում ձմեռային և ամառային ժամանակների անցում կատարել։ Քաղաքացիներն ինքնազգացողության վատացում են զգում սեզոնային ժամանակները փոխելիս։ Նման արդյունք է ցույց տվել Եվրահանձնաժողովի անցկացրած հարցումը, գրում է Korrespondent.net-ը։

«Գուցե, շուտով մենք այլևս չփոխե՞նք ժամերը տարեկան երկու անգամ: Համենայն դեպս, այդպես են ցանկանում հարցմանը մասնակցած ԵՄ քաղաքացիները: Նրանց մեծամասնությունը կցանկանար, որ մշտապես լիներ ամառային ժամանակ», - գրում է DW-ի աղբյուրը՝ նշելով, որ հարցմանը մասնակցած 4.6 մլն մասնակցից 3 մլն-ը Գերմանիայից է եղել: 

Գարնանը նման հարցում էր անցկացվել Գերմանիայում, և այն ժամանակ ժամասլաքի տեղաշարժին դեմ էր արտահայտվել գերմանացիների 73 տոկոսը: Որպես փաստարկ նրանք նշում էին ինքնազգացողության վատթարացումը՝ պայմանավորված աշխատանքային և ոչ աշխատանքային գրաֆիկը փոխելու անհրաժեշտությամբ։

Եվրահանձնաժողովի հարցման արդյունքներն իրագործման համար պարտադիր չեն, սակայն հավանաբար հաշվի կառնվեն հարցը դիտարկելիս։ Սպասվում է, որ նախագահ Ժան-Կլոդ Յունկերը սեպտեմբերի 12-ին կհայտարարի ժամանկների փոփոխման չեղարկման օրենսդրական նախաձեռնության մեկնարկի մասին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ