Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 27-ամյակը: 27 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: Այդ օրվանից սկսվեց Արցախի` որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը:
1991թ. դեկտեմբեր 10-ին ԼՂ-ում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում ԼՂ բնակչությունը պատասխանեց «Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձևերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին: Հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99,89%-ը (108615 մարդ) դրական պատասխանեց այդ հարցին: Հանրաքվեին հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Արցախի անկախության տոնի առթիվ։ Արցախի ժողովուրդն իր ընտրությունը կատարեց պատմական շատ բարդ իրավիճակում` հռչակելով անկախություն։ Անցած 27 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցավ պատերազմների, ավերների, մարդկային կորուստների և բազում այլ ծանր փորձությունների միջով։ Բայց, այդ ամենով հանդերձ, Արցախի Հանրապետությունը կայացավ։
Արցախի Հանրապետության անցած 27 տարիները ոչ միայն հերոսական պայքարի, այլև մեծ հաջողությունների և ձեռքբերումների պատմություն են։ Հայաստանի և սփյուռքի հետ ուս-ուսի՝ Արցախն այսօր շարունակում է ապրել ու զարգանալ։ Թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանում ևս մի վկայություն է հայոց ազատասեր ոգու և անկոտրում կամքի։
Հայաստանը, Արցախն ու սփյուռքը այսօր ավելի ուժեղ են, որովհետև ավելի միասնական են և ավելի ազատ։ Մարդու ազատությունը, ժողովրդավարությունն ու ազգի ազատությունը մեզ համար անբաժանելի և անբեկանելի արժեքներ են։ Արցախի Հանրապետության և Արցախի հասարակության բազմակողմանի զարգացումը ողջ հայության կարևորագույն նպատակներից է եղել և այսուհետ ևս լինելու է։ Արցախի անվտանգությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Արցախի ճակատագիրը համայն հայության գուրգուրանքի առարկան է։ Այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հանգել խնդրի խաղաղ և արդարացի լուծման։ Սիրելի՛ արցախցիներ, Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Գլուխ եմ խոնարհում Արցախի ազատության համար զոհվածների հիշատակի առջև։ Մաղթում եմ խաղաղ երկինք, արդար վաստակ և ամենայն բարիք։ Կեցցե՛ ազատությունը։ Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը