31 08 2018

Նախորդ 10 տարվա ընթացքում ՀՀ-ում անցանկալի է համարվել 198.091 անձ. ՀՔԱՎ

Նախորդ 10 տարվա ընթացքում ՀՀ-ում անցանկալի է համարվել 198.091 անձ. ՀՔԱՎ

Հայաստանի Հանրապետությունում 10 տարվա ընթացքում՝ 2009-2018 թթ.-ին, 198.091 օտարերկրացի անցանկալի անձ է համարվել, և արգելվել է նրանց մուտքը ՀՀ: Այս առնչությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.

«Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից 221.688 անձի տվյալ հանվել է: Դրանում ամենամեծ թիվը բաժին է ընկնում 2018 թ.-ին. ընթացիկ տարում ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանվել են 78.789 անձի տվյալներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավար Մ. Խաչատրյանի՝ 2018 թ. օգոստոսի 9-ի գրությունից՝ ի պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցման:

Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն էր հայցել 2000 թ.-ից մինչ օրս ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառված և հանված անձանց թվի, ինչպես նաև՝ ներառելու հիմքերի մասին:

ԱԱԾ-ն տեղեկատվություն է տրամադրել միայն 2009թ.-ից սկսած՝ պատճառաբանելով, որ տեխնիկական պատճառներով նախորդ տարիների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել հնարավոր չէ, իսկ տվյալները ներառելու հիմքերին ընդհանրապես չի անդրադարձել:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառվել էին նաև ֆրանսահայ գործիչներ Ալեքսանդր Վարպետյանի ու Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի (Շանթ Ոսկերչյան) տվյալները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել էր նրանց իրավունքների պաշտպանությունը, և դատական բողոքարկման արդյունքում նրանց տվյալները ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանվեցին:

Երկու դեպքում էլ տվյալների բանկում անձի տվյալները ներառելու հստակ հիմքեր չէին նշվում. ՀՀ ԱԱԾ-ն պնդում էր, թե կան «հավաստի տվյալներ», որ նրանց գործունեությունը կարող է վնաս պատճառել ՀՀ անվտանգությանը: Իսկ թե ինչ «հավաստի տվյալներ» էին դրանք, ԱԱԾ-ն այդպես էլ չգաղտնազերծեց անգամ տվյալների բանկից նրանց տվյալները հանելուց հետո:

2009-2018թթ. ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառված և հանված անձանց թվերը, ըստ տարիների, ներկայացնում ենք ստորև»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ