Կառավարությունն օգոստոսի 30-ի նիստի ժամանակ հաստատեց հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը:
Համաձայն կառավարության, այսուհետ տարրական և միջին դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 30 է: Դրանից առավել սովորողներ ունենալու դեպքում ձևավորվում են միևնույն առարկայական ծրագրերն ուսումնասիրող մեկից ավելի դասարաններ:
Բնակավայրի միակ հաստատությունում կարող են ձևավորվել բազմահամակազմ դասարաններ (ուսումնական խմբեր), որոնց ձևավորման կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Բազմահամակազմ դասարանները (ուսումնական խմբերը) կարող են լինել երկհամակազմ, եռահամակազմ, քառահամակազմ: Երկհամակազմ խմբերում սովորողների թիվը չի կարող գերազանցել 15-ը, եռահամակազմ խմբերում՝ 12-ը, իսկ քառահամակազում՝ 8-ը:
Հատուկ դպրոցի դասարաններում (ուսումնական խմբերում) սովորողների թիվը սահմանվում է.
1) լսողության, տեսողության, հենաշարժական համակարգի, խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների, մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հատուկ հանրակրթական հաստատություններում` 15 սովորող,
2) միջին և ծանր մտավոր հետամնացություն և բազմակի խնդիրներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական հաստատություններում` 9 սովորող,
3) հակասոցիալական վարք ունեցող երեխաների հատուկ հանրակրթական հաստատություններում` 20 սովորող:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը