Համեղ սնունդ, ազգային տարրեր, հնագույն ճարտարապետություն․ Հայաստանը գնալով ավելի մեծ թվով զբոսաշրջիկների է գրավում; Բոլոր նրանք, ովքեր եղել են Երևանում, հավաստիացնում են՝ քաղաքը հատկապես գեղեցիկ է գիշերը, հաղորդում է Мир 24-ը՝ նշելով, որ թղթակից Լիլիթ Մադունցը համոզվել է այս հարցում։
Հեռուստաընկերությունը նշում է, որ Երևանը գրեթե երբեք չի քնում։ Հյուրերը տպավորվելու համար ուղևորվում են Հյուսիսային պողոտա։ Այստեղ կարելի է հանդիպել և՛ ազգային երաժշտության կատարողների, և՛ նրանց, ովքեր վերջին հիթերն են կատարում։ Երաժիշտներ գալիս են ողջ աշխարհից։ Եվ թվում է, թե մեկը մյուսին չեն խանգարում։ Հյուսիսային պողոտան բոլոր ստեղծագործ անձանց համար ձգողական վայր է։ Այստեղ տեղի են ունենում համերգներ, փառատոներ և տոնավաճառներ։ «Ես սիրում եմ այստեղ նկարել, այստեղ միշտ բազմամարդ է, շատ զբոսաշրջիկներ կան։ Հրաշալի լույս է, մի քիչ շեղում է երաժշտությունը, սակայն իմ գլխում իմ երաժշտությունն է հնչում»,- պատմել է նկարիչ Վահագն Պետրոսյանը։
Հանրապետության հրապարակը գրեթե 100 տարեկան է։ Բոլոր շինությունները վարդագույն տուֆից են, դրա համար էլ Երևանն անվանում են «վարդագույն քաղաք»։ Ե՛վ զբոսաշրջիկները, և՛ մասնագետներն ընդգծում են հատուկ ոճը, ազգային տարրերն ու ճարտարապետությունը։
«Շատ տեղեր ենք եղել, մթնոլորտը, վայրերը շատ են դուր գալիս»,- նշել է ռուս զբոսաշրջիկ Ելենա Բազեկոն։
«Մեզ շատ է դուր գալիս, մենք հիացած ենք։ Մեր ոտքերն արդեն ցավում են, սակայն դեռևս քայլում ենք։ Քայլել, քայլել, քայլել»,- նշել են ռուս զբոսաշրջիկներ Սերգեյ և Վալենտինա Կրուտիկովները։
Երևան այցելում են ոչ միայն քայլելու համար։ Համեղ ուտել սիրողները կազմում են սրճարանների, բարերի և ռեստորանների ցանկը, որոնք պարտադիր են այցելելու համար։ Շատերը տեղակայված են շինություններում, որոնք կապ ունեն հայտնի անձանց հետ։ Կարելի է միաժամանակ ուտել և ուսումնասիրել Երևանի պատմությունը։
Հայաստանի մայրաքաղաքում մի քանի տասնյակ տեսարժան վայրեր կան, հանուն որոնց զբոսաշրջիկները հազարավոր կիլոմետրեր են կտրում-անցնում։ Տուրօպերատորները հաշվել են՝ հագեցած մշակութային ծրագրով, սննդով և գիշերակացով մեկ օրը զբոսաշրջիկների համար արժենում է ավելի քան 70 դոլար։
Կիսամյակային տվյալներով՝ Հայաստանի տնտեսական աճը կազմել է 9 տոկոս, հիմնականում՝ զբոսաշրջության հաշվին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը