22 08 2018

Դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին. Արայիկ Հարությունյան

Դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին. Արայիկ Հարությունյան

Օգոստոսի 22-ին Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկմամբ՝ տրվել է օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը: Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նախ կոչ է արել տնօրեններին՝ հետևողական լինել դրամահավաքությունը և կոռուպցիան բացառելու ուղղությամբ՝ պահպանելով վերջին ամիսների արդյունքները: Նա նաև նշել է, որ դպրոցները ապաքաղաքական կառույցներ են, և Հայաստանի նոր կառավարության սկզբունքային մոտեցումն է՝ կրթության համակարգը զերծ պահել քաղաքականացումից.

«Եթե որևէ ազդեցիկ անձ փորձի դպրոցը ներգրավել քաղաքական գործընթացներում, խստագույնս կպատժվի: Ինքս քաղաքական կուսակցության ներկայացուցիչ եմ, և եթե իմ կուսակիցը իրեն նման արարք թույլ կտա, դա անհետևանք չի մնա: Խնդրում եմ բոլոր ուսուցիչներին և տնօրեններին, եթե դպրոցը քաղաքականության մեջ ներքաշելու փորձեր կլինեն, տեղեկացնել այդ մասին կրթության և գիտության նախարարություն, մարզպետարան: Վստահ եղեք, որ դուք խնդիր չեք ունենա, խնդիր կունենա այն անձը, ով նման քայլի կդիմի»,- հայտարարել է ԿԳ նախարարը:

Արայիկ Հարությունյանը խոսել է նաև դպրոցական համազգեստի մասին՝ նշելով, որ սոցիալական ցանցերում իր՝ այս թեմայով հայտարարությունից հետո տարատեսակ քննարկումներ և հակադիր կարծիքներ են հնչել:

«Դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին, այդ որոշումը պետք է կայացվի ծնողական խորհրդի կողմից` համապատասխան քննարկման արդյունքում: Սակայն ինձ համար անընդունելի է, երբ ուսուցիչը, դասղեկը կամ դպրոցի փոխտնօրենը համազգեստ չհագնելու համար երեխային տուն է ուղարկում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է աշակերտների՝ հեռախոսով դասի նստելու խնդրին՝ առայժմ այս առումով սահմանափակումներ չկան, բայց քննարկումներ լինելու են: Անդրադառնալով հանրային շրջանակներում քննարկվող հարցին, թե որոշ առարկաներ կարող են հանվել, նախարարը նշել է, որ այս տարի կրթական ծրագրում և առարկայացանկում որևէ փոփոխություն չի կատարվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ