27 07 2018

Արա Մինասյանն ազատվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից

Արա Մինասյանն ազատվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ տնօրենը ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա օրենքով սահմանված կարգով, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։ Մանրամասները հաջորդիվ»,- նշել է նա:

Նշենք, որ Առողջապահության նախարարությունն ավելի վաղ հրապարակել էր նշված բուժհաստատությունում անցկացված ուսումնասիրությունների միջանկյալ արդյունքները՝ նշելով, որ պետությանը երկու տարում հասցվել է շուրջ 545 միլիոն դրամի վնաս:

Արա Մինասյանի ազատումը տնօրենի պաշտոնից դժգոհություն է առաջացրել ԲԿ-ում, որտեղ բողոքի ակցիա է ընթանում: Մասնակիցները բողոքում են ԲԿ տնօրենի պաշտոնից Արա Մինասյանին ազատելու դեմ: ԲԿ-ի անձնակազմը Change.org կայքում ստորագրահավաք-արշավ է սկսել «Փրկենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը նախարարի կամայականություններից» վերնագրով:

Նրանց տարածած հայտարարությունում ասվում է. «Երևանի Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն ու հիվանդանոցի ծառայություններից օգտված ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիները պահանջում ենք դադարեցնել հիվանդանոցի դեմ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սկսված արշավը: Հիվանդանոցը վերակառուցվել ու ժամանակակից տեխնիկայով է հագեցել տնօրեն Արա Մինասյանի անձնական ջանքերի ու ներդրումների շնորհիվ: Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու բժշկական կենտրոնին: Սթափության կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, և մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պարոն Մինասյանին: Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ