Հունիսի 25-ի առավոտից մի խումբ քաղաքացիներ փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքը և պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի նրա հրաժարականը:
Բողոքի ակցիայի մասնակիցներին զայրացրել է համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ ցուցադրված է, թե ինչ անշարժ գույք և սեփականություն ունի Տարոն Մարգարյանը: Ցուցարարները նշում են, որ իրենք իրավապահներին են դիմել, որպեսզի տեսանյութը դառնա իրավական հետաքննության առարկա:
Ըստ նրանց՝ հետաքննությունում կան ակնհայտ քրեական հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ և դրանով պետք է իրավապահները զբաղվեն:
Երևանի քաղաքապետարանի առաջ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին է միացել նաև Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Այնտեղ է նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է ընդամենը տեղյակ լինելու, թե ինչ է կատարվում այստեղ:
Հովիկ Աղազարյանն ասաց, որ զերծ կմնա Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին տեսանյութի վերաբերյալ իրավական գնահատական տալուց, բայց կտա քաղաքական գնահատական: Ըստ նրա՝ճիշտ կլիներ, որ Տարոն Մարգարյանը հրաժարական տար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը