15 06 2018

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հերքում է և հակադարձում



«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշում է.

«Վերջին օրերին համացանցում տարածվեցին տեսանյութեր, որոնք պարունակում են ուղղորդված ապատեղեկատվություն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ: Տեսանյութերից մեկում երևում է դեռևս չկառուցված արտադրական ավազաններից մեկը, որը ներկայացվում է որպես պոչամբար: Տեսանյութի հեղինակը մատնանշում է գեոմեմբրանը, որն իբրև թե կայուն չէ անձրևաջրերի նկատմամբ:

Նախ՝ Ամուլսարի ծրագիրը պոչամբար չունի: Արտադրական ավազանը պոչամբար չէ: Այն պահելու է ոչ թե թափոններ, այլ ոսկով հագեցած արտադրական հեղուկը և արտահոսքը բացառվում է թե՛ բնապահպանական, թե՛ տնտեսական նպատակով:

Երկրորդ՝ արտադրական ավազանը դեռևս կառուցման ընթացքում է, և գեոմեմբրանը միայն մասամբ է այն ծածկում՝ ինչը հստակ երևում է այդ տեսանյութում: Անձրևային եղանակի դադարից հետո ավազանն ամբողջությամբ մեմբրանով ծածկելու աշխատանքները կավարտվեն, որից հետո բնականաբար ամբողջությամբ ծածկված մեմբրանի տակ ջուր չի կարող կուտակվել:  Ավելին՝ հենց այն հանգամանքը, որ դեռևս կիսատ տեղադրված մեմբրանի բաց հատվածից լցված անձրևաջուրը կուտակվել է և չի ներծծվել, խոսում է այն մասին, որ մեմբրանի տակ տեղադրված շերտն այնքան ամուր է, որ կանախում է ջրի ներթափանցումը նույնիսկ մեմբրանի տակից:

Մեկ այլ տեսանյութում նկարահանվել է անձրևաջրերից վարարած Արփա գետը, և հեղինակը պնդում է, որ Ամուլսարի տարածքից այնտեղ հոսող ջրերի հետևանքով գետի հոսքից ներքև գտնվող ձկնաբուծարանում ձկներ են սատկել: Ձկնաբուծարանի տերը՝ Լավրենտ Հակոբյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ ձկնաբուծարանին վնաս է հասցվել: Կցում ենք տեսանյութ, որտեղ երևում են ձկնաբուծարանի ավազանները: Նույն տեսանյութում կարող եք տեսնել նույն հատվածում Արփա գետի լիովին մաքուր հոսքն՝ այսօր:

Ամուլսարի տարածքում թունավոր աղտոտիչներ չկան: Ծրագիրը դեռևս շինարարության փուլում է, չկա արտադրական ոչ մի գործընթաց: Մի քանի օր տևած հորդառատ անձրևների հետևանքով թարմ կառուցված ջրահեռացման ուղիների մակերեսից լվացվել էր հողը, ինչի պատճառով տվյալ հատվածում հոսքը պղտորվել էր: Դրանք աղտոտիչներ չեն եղել, ինչպես ներկայացվում է տեսանյութում, այլ՝ հողաջուր: Հանքի ենթակառուցվածքների և ջրերի կառավարման բոլոր համակարգերի վերջնական կառուցումից հետո Ամուլսարի տարածքում ենթակառուցվածքների հետ շփվող բոլոր ջրերը ուղղորդվելու են և հավաքվեն՝ բացառելով ցանկացած չկառավարվող արտահոսք, ինչպես և նախագծված է:

Ցավալի է, որ կեղծիքը և ամեն գնով գոյություն չունեցող «աղետներ» ներկայացնելու նպատակը որոշ մարդկանց ու կազմակերպությունների համար դարձել է մշտական գործելաոճ: Ապատեղեկատվության տարածումը ոչ միայն չի բխում բնապահպանական իրական խնդիրների վերհանման շահերից, այլև խանգարում է դրան՝ շեղելով իրականում լուրջ խնդիրներից

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ