04 06 2018

Բակո Սահակյանը հանդիպել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների հետ

Բակո Սահակյանը հանդիպել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին հանդիպում է ունեցել Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների հետ։

Այս մասին հայտնում է նախագահականի կայքը: Համաձայն հաղորդագրության, քննարկվել են հունիսի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին և դրան հաջորդած զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Արցախի մայրաքաղաքում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որից հետո ոստիկանությունը ձերբակալել էր 1.5 տասնյակ քաղաքացիների:

Նրանց հարազատները և աջակիցները բողոքի ցույց են անում մայրքաղաքի տարբեր հատվածներում՝ պահանջելով ԱԱԾ և ոստիկանության ղեկավարության հրաժարականները:

Արցախի ոստիկանությանը միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ հունիսի 1-ին՝ ժամը 19։25-ին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19:15-ի սահմաններում, նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ.-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից՝ 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:  ԱՀ ոստիկանության՝ ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ