14 05 2018

Առողջապահության նախարարը ներողություն է խնդրում

Առողջապահության նախարարը ներողություն է խնդրում

Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջի գրառումները և տարբեր հարթակներում հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել: Այս մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ.

«Լինելով ակտիվ սոցիալական ցանցերում և անտարբեր չլինելով առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արսեն Թորոսյանը մշտապես իր դիրքորոշումն ու մտահոգություններն է հայտնել: Սակայն վերջին օրերին որոշ արտահայտություններ, համացանցում ներկայացվելով համատեքստից դուրս,  թյուրըմբռնման տեղիք են տվել:   Առողջապահության նախարարը ներողություն է խնդրում այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել. հնչեցրած գնահատականներն ուղղված են եղել հիվանդությունների կանխարգելմանն ու կյանքեր փրկելուն, իսկ խիստ պատասխաններն ու սուր օրինակները, իրավիճակից ելնելով, միայն սթափեցնելու միտում են ունեցել:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ եթե մենք ուզում ենք փրկել մարդկային կյանքեր, այդ թվում երեխաների, մենք պետք է օգտագործենք գիտության ամբողջ արսենալը: Մեր ուղեցույցը պետք է լինի ապացուցողական բժշկությունը: Մեր երեխաները պետք է առողջ լինեն, ցանկացած մոտեցում պետք է գրագետ հենք ունենա և միտված լինի բնակչության առողջության պահպանմանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ