25 04 2018

«Ավրորա» մարդասիրական մրցանակի երրորդ դափնեկիրը հայտնի կդառնա հունիսի 9-ին

«Ավրորա» մարդասիրական մրցանակի երրորդ դափնեկիրը հայտնի կդառնա հունիսի 9-ին

Ապրիլի 24-ին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հանրությանն է ներկայացրել 2018թ. «Ավրորայի» երեք հերոսների անունները։ Յուրաքանչյուր անհատ ընտրվել է այն բացառիկ խիզախության, շարունակական ազդեցության և անսպառ նվիրումի համար, որ ցուցաբերել է հանուն մարդկային կյանքի փրկության և աղետի պայմաններում մարդասիրական օգնության գործի առաջմղման։ «Ավրորա» մրցանակը, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ներկայացնում է այս տարվա երեք հերոսներին.

Չո Լա Աուն, իրավաբան և ռոհինջա ժողովրդի առաջնորդ, Մյանմա։ Նա պարգևի է առաջադրել միջազգային կազմակերպությունների, որոնք Մյանմայում բժշկական և ընդհանուր օգնություն են տրամադրում փախստականներին։

Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյո, «72. տուն և ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիր, Մեքսիկա։ Ֆրանցիսկյան ուխտի վանահայրը ապաստան, սնունդ, ջուր, խորհրդատվություն և իրավական աջակցություն է տրամադրել ավելի քան 50,000 կենտրոնաամերիկյան ներգաղթյալների:

Սունիտա Քրիշնան, «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր, Հնդկաստան։ Խմբակային բռնաբարության ենթարկված, սակայն հետագայում կանանց իրավունքների ակտիվիստ այս կինը ցավը վերածել է զորության և ներշնչանքի աղբյուրի, որպեսզի փրկի, ռեաբիլիտացնի և հասարակությանը վերաինտեգրի սեռական թրաֆիքինգի և հարկադիր մարմնավաճառության զոհերին՝ ստեղծելով մի կազմակերպություն, որը դրական ազդեցություն է գործել ավելի քան 17,800 կանանց:

Երեք մարդասերները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման երրորդ հանդիսավոր արարողության ընթացքում, որը տեղի կունենա 2018 թվականի հունիսի 9-ին, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Առաջադրված երեք գործիչներից մեկը հունիսի 10-ի արարողության ընթացքում կընտրվի 2018 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր և կպարգեւատրվի ինչպես 100,000 ԱՄՆ դոլարի պարգևով, այնպես էլ 1,000,000 դոլարի դրամաշնորհով՝ ստանալով բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան և աջակցելու ժամանակին իրեն ոգեշնչած ու գործի մղած կազմակերպություններին։

Հիշեցնենք, որ 2017թ. «Ավրորա» մրցանակը շնորհվել է ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինային, որը մշտապես գործող միակ վիրաբույժն էր Սուդանի հարավի՝ պատերազմից ավերված ու մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ