Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:
Ավետարանների համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ քաղաքը Մարիամ անունով մի աղջկա մոտ, և հաղորդել, որ ինքը պիտի լինի մայրն այն Փրկչի, ում սպասում էր ողջ ժողովուրդը. «Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»,- Մանկան մասին ասել է հրեշտակապետը: Այս ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, սակայն նա լուրն ընդունել է խոնարհությամբ. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…»,- ասել է: Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:
Մարիամի մայրանալով՝ մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Եվ ինչպես Աստվածածինն ավելի մոտ է դարձել Աստծուն, այդպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ:
Օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել.
«Շորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք։ Թող գարնանային այս պայծառ տոնը ձեր հաջողությունների համար նոր սկիզբ դառնա։
Մեր ժողովրդի ընկալումներում մայրությունը միշտ սրբազան է եղել, և հավատարմությունն այդ ավանդույթներին շարունակվում է առ այսօր։ Համոզված եմ՝ այդպես է լինելու նաև ապագայում։
Դեռևս Ավարայրից սկսած՝ հայորդիները մարտի են գնացել պաշտպանելու մեր մեծագույն արժեքները` ընտանիքը, հայրենիքը, հավատը։ Հարյուրամյակներ շարունակ մեր մարտակոչերում հնչել է նույն բանաձևը` պաշտպանել մայրերին, քույրերին, հարսներին, նշանակում է պաշտպանել հայրենիք և հավատ։
Ի նշան հարգանքի և ակնածանքի՝ այսօր գլուխ ենք խոնարհում մեր զինվորների մայրերի առջև, ովքեր ծնում և դաստիարակում են կորյուններ: Նաև երախտագիտություն ենք հայտնում մեր մայրերին, քույրերին ու կանանց այն մեծ դերակատարության համար, որ նրանք ունեն մեր երկրի առաջընթացի և շենացման գործում:
Սիրելի՛ կանայք, կրկին շնորհավորելով Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, հպարտություն ներշնչող զավակներ, երջանկություն և խաղաղ երկինք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը