Բաքվի օդանավակայանում 12 ժամ պահել են էստոնական պատվիրակության հայ անդամին, ապա հետ ուղարկել: Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրում է.
«Էստոնիայի քաղաքացի, Տալինի քաղաքային խորհրդի անդամ Կարինե Օգանեսյանը մանկավարժների միջազգային գիտաժողովի մասնակցության նպատակով մարտի 23-ին մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Պաշտոնապես Կարինե Օգանեսյանը ստացել է մուտքի էլեկտրոնային արտոնագիր և էստոնական պատվիրակության հետ (որպես պատվիրակության անդամ) մեկնել է Բաքու։ Սակայն Կարինեի օդանավակայան ժամանելուն պես, ադրբեջանական իշխանությունները «նկատել են բացթողումը», նկատել են նրա հայկական ծագումը, չեն թողել մուտք գործի Ադրբեջան և 12 ժամ հատուկ գոտում պահելուց հետո, հետադարձ ճանապարհով ուղարկել են Էստոնիա։
Հուսով եմ էստոնական կողմը հետևություններ կանի եւ համարժեք կարձագանքի այս նողկալի պատմությանը՝ պաշտպանելով իր քաղաքացու շահերը։ Եվրոպական կառույցները նույնպես անտարբեր չպետք է մնան, քանի որ Էստոնիան ԵՄ անդամ պետություն է, և Կարինե Օգանեսյանը ԵՄ քաղաքացի է։
Եվ ընդհանրապես, եթե որևէ երկիր ի վիճակի չէ տարաբնույթ դրդապատճառներից ելնելով միջազգային գիտաժողովներին հրավիրված բոլոր մասնակիցներին և նրանց ուղեկցող անձնակազմին ընդունել, ապա լուրջ վերանայման պետք է ենթարկել տվյալ երկրում նմանատիպ միջոցառումների անցկացման նպատակահարմարությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը