Հայաստանի կառավարությունը սահմանափակում է Եմենի քաղաքացիների մուտքը Հայաստան:
Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասվում է. վերջին տասնամյակում Եմենում ներքաղաքական իրավիճակը լարված է, որն իր գագաթնակետին է հասել 2014 թվականին և մինչ օրս շարունակվում է գերլարված մնալ: Իրավիճակի կտրուկ վատթարացում է սպասվում նաև ներքաղաքական անհամաձայնությունների ներքո 2017թ. դեկտեմբերի 2-ին Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի սպանությունից հետո: Հնարավոր են նոր բախումներ, զինված ընդհարումներ:
Որոշման ընդունմամբ ՀՀ Կառավարության 2008թ. ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշման կարգավորման շրջանակում ավելանում է նոր կետ, որը նախատեսում է Եմենի քաղաքացիներին և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման հետ կապված սահմանափակում:
Որոշումը կայացվեց գործադիրի՝ մարտի 6-ի նիստում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը