Այսօր՝ հուվարի 6-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են, իսկ դեպքի վայրից 1 հոգի ձեռքի հատվածում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից կրակված 4 պարկուճ, արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա արնանման հետքեր, կայանված «Volkswagen» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ՝ Տերյան փողոցի հատվածում, որոնց վրա նույնպես կան արնանման հետքեր։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կռվի մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզում են վիրավորի ինքնությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը