ՆԳՆ փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել Վանաձորի գազալցակայանում պայթյունից։
Պարզվել է, որ գազալցակայանի կոմպրեսորների սենյակում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Ա. Մ.-ն (ծնված 1976 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին, մարվել՝ 21:14-ին: Այրվել են ճնշման կայանի (մոտ 150 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ), կոմպրեսորը և այլ սարքավորումներ, ջերմահարվել՝ գազալցակայանի մոտակայքում կայանած ZIL մակնիշի բեռնատար ավտոմեքենայի դիմային հատվածը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 20:18-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը