Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դդմաշեն վարչական բնակավայրի տարածքում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել և կա զոհ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ լիցքավորելիս «UAZ» (վիլիս) մակնիշի ավտոեմեքենան լիցքավորելիս պայթել է և ոստիկաններն ու պարեկները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են կնոջ մարմին:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Կիրակոսյանի գլխավորությամբ:
Պարեկներն ու համայնքային ոստիկանները սահմանազատել են տարածքը:
Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերության ներկայացուցիչները:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը