168․am-ը գրում է․ 2025 թվականը Հայաստանում լինելու է նախընտրական տարի՝ բառի կամ ուղիղ իմաստով, եթե տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կամ ավելի երկարաժամկետ կտրվածքով, եթե այդուհանդերձ քաղաքական զարգացումները հասնեն մինչև հերթական՝ 2026-ի ընտրություններ։
Բայց նախընտրական այդ փուլերը՝ ողջ կարևորությամբ հանդերձ, մեծ հաշվով տեխնիկական, էլեկտորալ միջոցառումների մասին են։ Հայաստանի, հայ հասարակության համար 2025 թվականը լինելու է ընտրության տարի ավելի լայն համատեքստում, ամենևին ոչ էլեկտորալ ընտրության իմաստով։ 2020թ․ ողբերգական պատերազմին, նվաստացուցիչ պարտությանը և կորուստներին հաջորդած ավելի քան չորս տարիների ընթացքում ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՏԵՑԵԼ Է ԸՆԴՀՈՒՊ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ:
Այլ հարց է, որ դա առայժմ քողարկվում է տոնականության ու անհոգության արհեստական պատրանքով, բայց որևէ լուսավորություն ու որևէ տեսարան չեն կարող չեզոքացնել այն գոյաբանական սպառնալիքները, որոնք առավելապես գործող իշխանության պատճառով ծառացել են պետության առաջ։
Դա տեղի է ունեցել բազմաթիվ գործոնների ազդեցությամբ, բայց գխավորապես այն պատճառով, որ հասարակությունը հանդուրժել է պատերազմում խայտառակ պարտություն կրած ու այդ պարտությունն արդարացնելու համար ամեն ինչի պատրաստ իշխանությանը։ Հանդուրժել է բոլոր մակարդակներում։ Սկսած կենցաղային հարթությունում իշխանության ներկայացուցիչներին չմերժելուց, մինչև այս կամ այն մակարդակի ընտրությունում տված քվե։
Այսօրվա իրականությունը, սպառնալիքներով լեցուն իրականությունը կերտվել է 2021 թվականի ընտրական մի օր իշխանության վերարտադրության համար տված քվեով, բայց որ ավելի կարևոր է՝ կերտվել է դրան հաջորդած ամեն օր իշխանության լկտիությունը հանդուրժելով։ Ժողովուրդը հանդուրժել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, ինչպես որ հանդուրժել է Արցախի ամբողջական հանձնումն ու Ադրբեջանի բոլոր պահանջների կատարումը։
Հայ հասարակության ընտրությունը, այդպիսով լայն իմաստով՝ մեկն է՝ շարունակել հանդուրժել այդ նույն իշխանությանը՝ սպասելով, թե հաջորդ արհավիրքն արդեն Հայաստանի ո՞ր մասում է պատահելու, թե՞ ի վերջո հրաժարվել հանդուրժումից, որի շարունակությունն արդեն տեխնիկական քաղաքական լուծումներ է ենթադրում։ Բայց որևէ լուծում անկարելի է առանց հանդուրժումից հրաժարվելու, ինչպես որ ցանկացած լուծում տեսանելի է, երբ կդադարի հանդուրժումը։
Ընտրությունը լավի ու ավելի լավի միջև չէ, ոչ էլ անգամ վատի ու վատթարագույնի։ Ընտրությունը հանդուրժմամբ երաշխավորվող կործանման և ամենևին չերաշխավորված, բայց գոնե պետությունը պահպանելու հնարավորության, շանսի միջև է։
Մի քանի օր հետո ամանորյա սեղաններին հնչելու են բաժակաճառեր, հոտնկայս խմվելու են պետության կենացներ։ Բայց դրանք որևէ արժեք չեն ունենալու այդ նույն պետության կործանմանը տանող իշխանության հանդուրժման շարունակականության դեպքում։
Պետության երաշխավորված կործանման ու այն պահպանելու գոնե շանսի միջև ընտրությունն անհամեմատ ավելի կարևոր է, քան բոլոր այն ընտրությունները, որոնք կատարվում են քվեախցիկում։ Պետությունից հրաժարվելու և պետությունը պահպանել փորձելու ընտրությունը քվեատուփի ընտրելիք չէ, ինչպես որ ստորացման ու արժանապատվության պահպանման միջև ընտրությունը չի կատարվում ձևաթղթերով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը