168.am-ը գրում է. «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության համար ևս այս տարին բավականին բարեբեր է եղել պետգնումներում․ համենայն դեպս, մինչ օրս գնումների armeps էլեկտրոնային համակարգում հանրայնացված տեղեկությունների համաձայն՝ այս ընկերության հետ պետական գերատեսչությունները կնքել են 100 միլիոնավոր դրամների 8 պայմանագիր, որից հինգը ոչ մրցակցային համարվող՝ «մեկ անձ» գնման ընթացակարգով, մեկը՝ բաց մրցույթ, և ևս 2-ը՝ երկփուլ մրցույթ ընթացակարգերով։
2024 թվականի տարեսկզբին ՍՊԸ-ի հետ ՄԱ ընթացակարգով պայմանագիր է կնքում Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը՝ ՌԴ փոխվարչապետի դեկտեմբերյան այցի շրջանակներում ներկայացուցչական ծախսերի համար, պայմանագրի գին է նշվում 1 միլիոն 495.200 դրամը։
Փետրվարի 2-ին Երևանի քաղաքապետարանի հետ դարձյալ մեկ անձ ընթացակարգով կնքված պայմանագրով էլ «Ֆակտորի փրոդաքշն»-ը 54 միլիոն 538.800 դրամով մատուցում է «Գիրք նվիրելու օրվան նվիրված մշակութային միջոցառումների իրականացման ծառայությունը»:
Հուլիսի 1-ին վարչապետի աշխատակազմն է ընկերությանը պատվիրակում միջոցառումների կազմակերպման ծառայություններ՝ 150 միլիոն դրամով՝ «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման համար։
Հոկտեմբերի 24-ին դարձյալ Երևանի քաղաքապետարանն ու դարձյալ մեկ անձից գնման եղանակով ՍՊԸ-ի հետ կնքում է մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ՝ «Էրեբունի-Երևան 2806»-ի շրջանակներում։ Պայմանագրի գինն այս անգամ կազմում է 304 միլիոն 487.577 դրամ։
Նոյեմբերի 12-ին ԱԳՆ արարողակարգի ծառայությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում մատուցված ներկայացուցչական ծախսերի մեկ այլ պայմանագիր է կնքում այս մատակարար ընկերության հետ՝ 67 միլիոն 504.370.4 դրամ ընդհանուր գնով։
Նոյեմբերի 21-ին Երևանի քաղաքապետարանը ԵՄ ընթացակարգով աշխատանքներ է ձեռք բերում «Ֆակտորի փրոդաքշնից», իսկ այդ նպատակով կնքված պայմանագրի գին է նշվում 90 միլիոն դրամը․ աշխատանքները, ըստ տեխնիկական բնութագրի, Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման աշխատանքներն էին։
Նոյեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանը նորից ԵՄ ընթացակարգով և նորից «աշխատանքներ» է ձեռք բերում ընկերությունից՝ այս անգամ 250 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով։ Այս աշխատանքներն էլ, դարձյալ ըստ բնութագրի, Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքի ամանորյա ձևավորման և Սուրբ ծննդյան տոնավաճառի կազմակերպման համար էին։
Դեկտեմբերի 20-ին՝ այս տարում «Ֆակտորի փրոդաքշն»-ի հետ դեռևս վերջին պայմանագիրը ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության՝ ներկայացուցչական ծախսերի մեկ անձ ընթացակարգով արված գնման պայմանագիրն է, որի գինը՝ 149 միլիոն 439.897 դրամ է։ Այս պայմանագիրը կնքվել է դեռ սեպտեմբերին կայացած ԵԱՏՄ միջկառավարական նիստի շրջանակում արված ծախսերի համար՝ PR, ԵՏՖ հարթակ և այլն։
Առհասարակ, 2017 թվականի հունիսին հիմնադրված «Ֆակտորի փրոդաքշն»-ը 2018 թվականի օգոստոսից է սկսել երևալ պետգնումներում։
168․am-ը տասնյակ հրապարակումներով անդրադարձել է այս ընկերության՝ պետգնումային ակտիվությանը, նշել, որ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի հունիսի 29-ին․ հիմնադիրներն են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը: 2021թ․ նոյեմբեր ամսից ընկերության 100 բաժնեմասը պատկանում է Ռուդիկ Տեր-Գալստյանին: Ռուդիկ Տեր-Գալստյանի ու Վազգեն Պողոսյանի ընկերության, «Շարմ հոլդինգ»-ի հետ նրանց սերտ կապերի մասին ժամանակին բազմիցս է գրվել մամուլում, նրանք նաև գործընկերներ էին, երբ աշխատում էին Հանրային Հեռուստաընկերությունում: Ռուդիկ Տեր-Գալստյանը համատեղության կարգով նաև Վազգեն Պողոսյանի համակուրսեցին ու սանիկն է։
2021 թվականի դեկտեմբերի 2-ին Վազգեն Պողոսյանը նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թ. մարտի 18-ին, Պողոսյանն ազատվել էր աշխատանքից: Այժմ նա հանդիսանում է միայն Background Production-ի հիմնադիր գործադիր տնօրենը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը