28 01 2024

Մեր հավաքական տկարության պատճառով այսօր մեր Բանակը վիրավոր է. Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյան

Մեր հավաքական տկարության պատճառով այսօր մեր Բանակը վիրավոր է. Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյան

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել բանակի օրվա առթիվ։

«Պարոնա՛յք սպաներ, զինվորներ, սիրելի հայրենակիցներ,

Հերթական անգամ միասնաբար նշում ենք Հայոց Բանակի տոնը, թեկուզ ոչ այնքան տոնական տրամադրությանբ և լիարժեք ուրախությամբ։ Անցնող մի քանի տարիները բավականին դժվար էին Հայոց Բանակի համար, իսկ 2023 թվականին նա կորցրեց իր ավագ զավակին` Արցախի Պաշտպանության Բանակին։ Երբ հետադարձ հայացք ենք գցում մեր անցած ճանապարհին և փորձում վերարժևորել մեր ընթացքը, անմտություն կլինի մեր կորուստները և ազգային գոյապայքարի վերջին ձախողումները վերագրել միայն մեր հայրենյաց պաշտպաններին, որովհետև բանակը ժողովրդի հայելին է և տեսանելի կերպով ցույց է տալիս մեր երկրի, պետականության առողջության մակարդակը։

Արցախյան վերջին պատերազմների ընթացքում մենք ականատես եղանք Հայոց Բանակի զինվորի և սպայի անօրինակ բազում սխրանքների։ Սա կնշանակի, որ կորած չէ մեր բանակի ներուժը և քաջաբար կռվելու կարողությունը, այլ մեր հավաքական տկարության պատճառով այսօր մեր Բանակը վիրավոր է և գտնվում է կազդուրման փուլում։ Ուստի սիրելիներ, այսօր առավել քան երբևէ, Հայոց Բանակը կարիք ունի մեր սիրո և անկեղծ հոգատարության։

Հավատալով մեր փառապանծ Բանակի արժանապատիվ ու հաղթանակած ապագային` կրկին անգամ շնորհավորում ենք բոլորիս այս կարևոր տոնի առիթով և աղոթում, որ Ամենակարող Աստված զորացնի հայ զորականի բազուկը և անսասան պահի Հայոց մեր երկիրը»,-ասվում է ուղերձում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ