«Գոյ» թատրոնի դերասանները արդեն 6 օր է նստացույց են անում թատրոնի մուտքի մոտ։ Նրանց պահանջն է՝ «ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք` միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը հայտնեց, որ ժամը 12։00-ին թատրոնի անձնակազմը լինելու է Մարդու իրավունքների գրասենյակի մոտ՝ իրականացնելու ակցիա։
«Մենք պահանջներ ունենք, ճշտումներ ունենք», - նշեց նա։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Օրեր առաջ նաև դիմել էին արդարադատության նախարարություն, որպեսզի մասնագիտական վերլուծություն տրվի Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի մասով։
Դերասանների ներկայացմամբ, «արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» Թատրոնի գործունեությունը»։ Մինչդեռ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից պնդում են՝ «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք։
«Գոյ»-ի դերասանները նոյեմբերի 4-ին գնացել էին թատրոն՝ բանալիները վերցնելու և թատրոն մտելու համար։ Սակայն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Վարդան Մկրտչյանը չտվեց մուտքի բանալին։ Դրանից հետո են «Գոյ»-ի դերասանները հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն, սկսկել են նստացույց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը