21 10 2024

Ո՞ւմ հույսին են մնացել. 168.am

Ո՞ւմ հույսին են մնացել. 168.am

168.am-ը գրում է. Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի կնոջ հետ ունեցած աշխատանքային առօրյայից հետո այսօր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հերթական ռիլն է հրապարակել, այս անգամ արդեն՝ «հասարակական կարծիք ձևավորողների» հետ:

«Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորող և տարածող անձանց հետո այսօր քննարկում էինք հետևյալ հարցը՝ կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ 1 տրենդը: Այսինքն՝ անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայիկ»,- մասնավորապես գրել էր Աննա Հակոբյանը՝ կցելով հրապարակված տեսանյութին:

Ինչպես ասում են, սա կլիներ շատ ծիծաղելի, եթե չլիներ այդքան ողբերգական:

Նախ Աննա Հակոբյանը վստահաբար գիտի, որ նիկոլական պրոպագանդիստները (իսկ որ հավաքվածների սուրբ պարտականությունն ու անդավաճան գաղափարախոսությունը Նիկոլ Փաշինյանի արտաքին ու ներքին քաղաքականության գովերգումն է, որևէ մեկի համար գաղտնիք չէ,- Գ.Ս.) ամենևին հանրային կարծիք ձևավորող չեն, և եթե ամեն դեպքում ձևավորում են, դա անում են Փաշինյանի՝ հազիվ պահպանված 9%-անոց էլեկտորատի համար:

Իրենց ստատուսներով «փրկչին» սատարողներ, ադրբեջանական թեզերի մոլի քարոզիչ Ռոման Բաղդասարյան, ով սովորություն ունի իրեն հարցեր ուղղող մարդկանցից փախչել ու թաքնվել, ասենք, առաջին իսկ պատահած դպրոցի զուգարանում, իրենց մերձավոր օլիգարխի անվան հետ կապվող լրատվամիջոցում աշխատող հաղորդավարուհի, փաստաբան Ալեքսանդր Սիրունյան, ում ՔՊ-ի տարածքային կազմակերպություններից մեկն առաջարկել է դառնալ արդարադատության նախարար, ինքն էլ դեռ մտածում է, մոլի հակառուս Հովսեփ Խուրշուդյան, Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Սեդա Սաֆարյանի եղբայր Ստյոպա Սաֆարյան, մի ներկայացուցիչ նիկոլամերձ «քաղգործիչ» Լևոն Շիրինյանի կուսակցությունից, նորահայտ նիկոլական «քաղաքագետ» Հարություն Մկրտչյան, լրագրող Անի Գևորգյանի վրա հարձակված, «գոհ եղի, որ ոտերիս տակ չեմ գցում» ասած, դատարանում պարտված Դիանա Մարտիրոսյան, ով չի կատարում դատարանի որոշումն ու ներողություն չի խնդրում, որովհետև փաստորեն ունի Աննա Հակոբյանի բարձր հովանավորությունը:

Ի դեպ, սա նույն Դիանա Մարտիրոսյանն է, ով ասել էր՝ «Բաքվի բանտերում մեր զինվորներին ավելի լավ են նայում»: Սա նույն կինն է, ով լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորել էր իր ֆեյսբուքյան էջում:

Ու ամենացածրակարգ բառապաշար ունեցող այս կնոջ հետ Աննա Հակոբյանը կրթությանը վերաբերող հարցեր է քննարկում:

Լավ է, որ Աննա Հակոբյանը մնացել է սրանց հույսին, բայց վատ է, որ իրականությունից այնքան է կտրվել, որ չի հասկանում՝ այս մարդիկ ոչ հասարակական կարծիք ձավորող են, ոչ էլ սրանց հետ կրթության վերաբերյալ հարցեր է հնարավոր քննարկել:

 
 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ