Mediahub.am-ը գրում է․Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրեն Արմեն Քոլոյանը, որը մինչ այդ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից էր, երեկվանից Հանրային ռադիոյի նյուզրումում տարբեր երկրների ժամանակը ցույց տվող ժամացույցներ է փակցրել պատին, և այդ ժամացույցների մեջ կան նաև մեր թշնամական երկու պետությունների՝ Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ։
Այսուհետ Հանրային ռադիոյի աշխատակիցները ոչ միայն Երևանի, Մոսկվայի, Թեհրանի, Թբիլիսիի ու Լոնդոնի, այլև Բաքվի և Անկարայի ժամացույցների ներքո կաշխատեն։ Եւ սա, բնականաբար, հարուցել է ռադիոյի շատ աշխատակիցների վրդովմունքը, հատկապես, որ այնտեղ աշխատում է նաև Բաքվի կողմից սանձազերծված պատերազմում զոհվածի մայր։ Ընդ որում, այս ամենը տեղի է ունեցել երեկ՝ Արցախը հանձնելու տարելիցի նախօրեին։
Հիրավի, սա «հրաշալի նվեր է» իշխանությունների «սրտի տնօրենի» կողմից Հանրային ռադիոյի աշխատակիցներին։
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ դա իր նախաձեռնությունն է եղել․ «Իմ նախաձեռնությունն է, աշխարհի բոլոր նյուզռումերում կան բազմաթիվ ժամացույցներ, որոնք ցույց են տալիս տարբեր երկրների քաղաքների ժամանակը, երբ որ, օրինակ, հաղորդագրություն ենք ստանում, որ այսինչ քաղաքում ինչ-որ հանդիպում է տեղի ունենում, և գրվում է, որ տեղական ժամն է։ Ուստի, ավելի հեշտ կողմնորոշվելու համար մարդիկ նայում են ժամին և հասկանում են, որ եթե Երևանում ինչ-որ մի ժամ է, ապա այդ քաղաքում մեկ ուրիշ ժամ է։ Ընդամենը դա է»։
-Իսկ Բաքվի Հանրային ռադիոյում Երևանի ժամանակով ժամացույց կա՞։
-Ես չգիտեմ, ես այնտեղ չեմ եղել, ես եղել եմ Բաքվում 1960-ականներին, մեզ դպրոցով էին տարել Սովետի ժամանակներում, ես չգիտեմ՝ Բաքվի Հանրային ռադիոյում ինչ տրամադրություններ են և, մեղմ ասած, անտարբեր եմ, թե ինչ են մտածում Ադրբեջանի Հանրային ռադիոյի աշխատակիցները։
-Վստահ եմ՝ Դուք շատ լավ տեղյակ եք մեր հասարակության էմոցիաներից այս հարցում, հատկապես, որ այս ամենը տեղի ունեցավ Հանրային ռադիոյում իշխանափոխությունից հետո, երբ Դուք դարձաք տնօրեն և Արցախի հանձնման տարելիցի այս օրերին։
-Ես հասկանում եմ, այդ թայմինգը ընդամենը զուգադիպություն է, և ենթադրել, որ դրանում ինչ-որ հատուկ մեսիջ է եղել, պարզապես աբսուրդ է։ Էդ ժամացույցները մենք կարող էինք դնել ավելի շուտ, եթե դրանք պատրաստ լինեին, որովհետև դրանք պետք է պատրաստ լինեին որոշակի ժամկետում, բայց մեզ ասացին, որ դեռ չկան, պատվիրել են, որ էնտեղ գրությունները պետք է գրվեն, և այդ ամեն ինչը պատրաստ է եղել երեկ չէ առաջին օրը, և հաջորդ օրը տեղադրել են։ Այսինքն՝ ես էդ բոլոր մեղադրանքները, թե «այ սենց, հատուկ Արմեն Քոլոյանը՝ սորոսական, Արևմուտքից եկել է, որ ցավ պատճառի մարդկանց», դա պարզապես համարում եմ աբսուրդ։ Եւ, ես բոլոր նրանց, ովքեր վրդովվել էին, այսօր մենք շատ անկեղծ խոսակցություն ենք ունեցել, և իմ տեսակետը հայտնել եմ, որ, ժողովուրդ ջան, մենք պարտավոր ենք հաշվի նստել, որ աշխարհում, գուցե դժբախտաբար, դա ես չեմ ուզում մեկնաբանել, կա Ադրբեջան անունով երկիր, որն ունի Բաքու անունով մայրաքաղաք, և կա Թուրքիա անունով երկիր, որն ունի Անկարա անունով մայրաքաղաք։
-Իսկ իրենց համար Հայաստան անունով երկիր՝ Երևան անունով մայրաքաղաքով, գրեթե չկա, Բաքուն անընդհատ ասում է, որ Երևանը իրենցն է։
-Ինձ չի հետաքրքրում, թե նրանք ինչ են անում, ինձ հետաքրքրում է, թե ես ինչ եմ անում։ Ես աշխատել եմ միջազգային ռադիոկենտրոնում, որտեղ կան բոլոր 23 լեզուներով հեռարձակվող երկրների դրոշները, և էնտեղ կա և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, որոնք հիմա եղբայրասպան պատերազմի մեջ են, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և դա փաստ է, ոչ ոք կասկածի տակ չի առել, որովհետև բոլորը հասկանում են, որ կան պատմական իրողություններ։
-Դուք, ամեն դեպքում, ոչ թե միջազգային, այլ Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենն եք, և ինքներդ ասացիք, որ Ձեզ ասում են՝ սորոսական, ես ավելացնեմ, որ սրանից հետո, վստահաբար երևի ավելի շատ, կասեն, որ Դուք նաև նիկոլական եք կամ իշխանական։ Ուստի, արդյո՞ք սա հենց իշխանությունների ցանկությամբ կամ պնդմամբ չի կատարվել Ձեր կողմից։
-Ոչ, ոչ, հարգելի Վահե, դա եղել է իմ գաղափարը, ես եղել եմ շատ երկրների լրատվական կենտրոններում, ես տեսել եմ դա․․․ Ես Ձեզ մի բան էլ ասեմ՝ Դուք երբևէ եղե՞լ եք Թուրքիայում։
-Ոչ, չեմ եղել, առիթի դեպքում գուցե լինեմ, քանզի մեր պատմական հայրենիքի մի մասն այնտեղ է, կցանկանամ տեսնել։
-Դե, շատ բարի, որ այդպես եք մտածում, բայց Դուք գիտեք, չէ՞, որ կա, ենթադրենք, Երևան-Անկարա չվերթ։ Հիմա, մարդիկ, որ գնում են աէրոպորտ, և տեսնում են՝ այնտեղ գրված է Անկարա, և այնտեղ աշխատող դիսպետչեր մի ազնիվ հայորդի կամ հայ աղջիկ հայտարարություն է անում, որ «Երևան-Անկարա չվերթը պատրաստվում է թռիչքի, խնդրում եմ՝ չուշանալ», էդտեղ կոգնիտիվ դիսոնանս չկա՞։
-Ոչ, չկա, որովհետև տարիներ շարունակ Անկարա գնացել-եկել ենք, նաև Անկարայից բերված հագուստ ենք հագնում, բայց դեպի Բաքու չվերթ երբեք չենք ունեցել, Բաքվի հետ առևտուր չենք արել, բացի այդ՝ Անկարան Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ գոնե ուղիղ տեքստով, չի սպառնում, ինչպես Բաքուն։
-Հարգելի՛ Վահե, երբ որ մենք լրատվություն ենք կարդում, որ Բաքվում տեղի կունենա COP 29-ի գագաթնաժողով, մենք այդ քաղաքի անունն ասո՞ւմ ենք։
-Պարոն Քոլոյան, խնդիրը այդ քաղաքի անունը լրատվությամբ տալը չէ, վստահ եմ՝ շատ լավ հասկանում եք, որ խնդիրը Հայաստանի Հանրային ռադիոյում թշնամական երկրի մայրաքաղաքի անունը հատուկ շեշտելն է ու դրա ներքո աշխատելն է։ Մեզ պե՞տք է Բաքվի ժամանակը։ Եթե պետք է, թող ինտերնետում ճշտեն, դժվա՞ր է։
-Մի րոպե, Հանրային ռադիոն էլ է, չէ՞, ասում, որ Բաքվում կլինի սա, կլինի նա։ Իսկ ինչո՞ւ Դուք չեք վրդովվում, թե՝ «ես չեմ ասի էդ քաղաքի անունը»։
-Ես ասում եմ այդ քաղաքը, որովհետև այդ քաղաքը կա, բայց մեր լրատվամիջոցի՝ MediaHub-ի նյուզռումում Բաքու անունը կամ Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույց փակցված չէ։
-Այդ քաղաքը ոչ միայն կա, այլև այդ քաղաքում կա ժամանակ։ Ես ոչ այդ քաղաքն եմ գովազդում, ոչ այդ քաղաքի երգերն եմ միացնում, երբ որ Սովետի ժամանակ հինգն անց կեսին հայերի կեսը մուղամ էր լսում կայֆով, ոչ ոք չէր հարցնում՝ բա խի՞ եք լսում․ էն ժամանակ էլ էինք թշնամի։ Իսկ հիմա ես Ձեզ ասում եմ, որ ընդամենը սա տեղեկատվական նշանակություն ունի, որ եթե պատին էլի տեղ լիներ, ես կավելացնեի Սիդնեյը, Հոնոլուլուն, Կատմանդուն, Տոկիոն և Նյու Դելին, որովհետև դրանք շատ կարևոր մայրաքաղաքներ են։
-Եթե Հանրային ռադիոյի աշխատակիցները, ամեն դեպքում, պնդեն, որ պետք է հեռացնեք Բաքվի և Անկարային ժամացույցները նյուզռումից, քանզի նրանք չեն ուզում դրա ներքո աշխատել, հակատակ դեպքում՝ դիմում կգրեն և կհեռանան, Դուք ինչպե՞ս կվարվեք, կհեռացնե՞ք առնվազն գոնե Բավքի ժամացույցը ռադիոյից։
-Գիտե՞ք ինչ, ես կարող եմ հենց հիմա select all և Delete անել ընդհանրապես բոլոր տեղեկությունները Բաքվի և Անկարայի մասին․․․
-Ես միայն Բաքվի ժամացույցը նկատի ունեմ, դա կհեռացնե՞ք։
-Ոչ, ես դա չեմ հեռացնի, որովհետև դա տեղեկատվական նշանակություն ունի։ Ովքեր դրանում տեսնում են հատուկ մեսիջ, այդ մարդիկ, իմ համոզմամբ, ոչ համաչափ են գնահատում իրավիճակը, որովհետև, իմ կարծիքով, մենք չենք կարող ենթադրել, որ այդ քաղաքը չկա կամ հարևան մյուս երկրի քաղաքը չկա։ Այո, թշնամական քաղաքներ են, մեզ վրա ճնշումներ են գործադրում, բայց այդ քաղաքները գոյություն ունեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը