18 09 2024

Հովիկ Աղազարյանը հարմար չի գտնում Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելը

Հովիկ Աղազարյանը հարմար չի գտնում Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելը

Սեպտեմբերի 28-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության սուրբ արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Մայր Տաճարը: Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հայտարարեց, որ հրավերներ ուղարկվել են իշխանություններին, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է։

ArmLur.am-ն այս առիթով մի քանի հարց է ուղղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին։

-Պարո՛ն Աղազարյան, Դուք հրավեր ստացե՞լ եք մասնակցության, այդ օրը գնալո՞ւ եք Մայր աթոռ։

-Ճիշտն ասած՝ փոստը դեռ չեմ ստուգել, բայց եթե հրավեր ստանամ էլ, չեմ գնալու։

-Ինչո՞ւ

-Չեմ գնա, որովհետև հարմար չեմ գտնում։ Պատճառը եկեղեցու երկակի դեմքն է. մի կողմից իր սպասավորի միջոցով փորձում է անկայունություն մտցնել երկրում, մի կողմից էլ՝ իշխանության ներկայացուցիչներին հրավիրում է հոգևոր ծիսակատարության մասնակցելու։ Ես այդ մասով իմ կարծիքն ունեմ, այդ պատճառով չեմ գնալու, բայց նորից եմ ասում, չգիտեմ՝ հրավեր եկե՞լ է, թե՞ ոչ։

-Այսինքն, չեք վստահո՞ւմ Հայ եկեղեցուն։

-Ոչ թե եկեղեցուն, այլ եկեղեցու այսօրվա սպասավորներին, իհարկե՝ ոչ բոլորին։ Չի կարելի անպատասխան թողնել հոգևորականի քաղաքական կեցվածքը և հոգևորականին ոչ հարիր բառամթերքը։

-Խոսքը կոնկրետ ո՞ւմ մասին է, պարո՛ն Աղազարյան։

-Բագրատ Գալստանյանի։

-Այսինքն՝ այդ պատճառով եք որոշել չմասնակցե՞լ հոգևոր ծիսակատարությանը։

-Դե հիմա ինչ անեմ, ես էլ իմ անհամաձայնությունն այդ կերպ եմ արտահայտում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ