23 08 2024

Գողացված են մեր պատիվը, մեր կենսագրությունը, մեր իղձերն ու երազանքները․ Բագրատ սրբազան



Բագրատ Սրբազանն տեսաուղերձով ժողովրդին է դիմել Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարելիցի առթիվ, որում ասում է.

«Անկախության հռչակագրով ամրագրվեցին մեր վերաանկախացած պետության ուղղութունը, իղձերն ու երազանքները, որով հիմք դրվեց մեր պետականության և թե ինչ արժեքներ է դավանում նորաստեղծ պետությունը՝ փաստացիորեն դառնալով մեր նոր պետության ծննդյան վկայականը։

 Այն ծնվեց չափազանց ծանր պայմաններում, սակայան հակառակ բոլոր դժվարությունների՝ այն սահմանեց մեր գոյության իրավունքը և միևնույն ժամանակ  խտացրեց մեր ազատության և անկախության տեսիլքը և պատմական արդարությունը վերականգնելու ձգտումը։

Մեզ համար մեր պետությունը մեր միակ ու բարձրագույն վայրն է, միջավայրն ու կառույցը, որը մենք ստեղծել ենք մեր ձեռքերով ու ջանքերով, մեր հազարավոր քույրերի և եղբայրների կյանքի գնով և վճարումով՝ ցանկանալով հավատարիմ մնալ մեր այն տեսիլքին, որն ունեցել են մեր նախնիները, և որով ուրվագծել են մեր գալիքը։

Դժբախտաբար, այսօր մեր իսկ պետության մեջ կանգնած ենք առավել ծանր մարտահրավերների առջև, երբ գողացված են մեր պատիվը,, մեր կենսագրությունը, մեր իղձերն ու երազանքները։ Երբ հանձնված է մեր հայրենիքը՝ Արցախ աշխարհը, երբ անվտանգ չեն մեր պետության սահմանները, երբ բոլոր առումներով խախտված են քաղաքացիների ապրելու իրավունքները, երբ հարցականի տակ է դրաված Ցեղասպանության ճանաչումը, երբ ամբողջությամբ խախտված են թե՛ Հռչակագրի, թե՛ նրանից բխած մեր Սահմանադրության դրույքները։ Երբ չարիքի կողմից զավթված է մեր պետականությունը և վերջապես՝ թշնամու պահանջով ու թելադրանքով փորձ է արվում փոփոխության ենթարկել մեր Սահմանադրությունը, որը հայտարարված մասով վերաբերում է Սահմանադրության նախաբանին ու դրանում եղած հղմանը՝ Անկախության հռչակագրին։

Փաստորեն այսօր վերստին կանգնած ենք մեր համբուրելի պետությունը վերաանկախացնելու և վերաազատագրելու իրականության առջև։

Այո, մենք պետք է հասկանանք, որ սեփական պետականություն ունենք և որ կոչված ենք այն դարձնելու մեր ավետյաց երկիրը, մեր իղձերի և երազանքների իրացման և իրականացման սրբազան երկիրը։

Հայացքներս ուղղած մեր իսկ ժողովրդի հարազատ ներուժին և կարողականությանը, հոգևոր և բարոյական հիմքերին, առանց դրսի որևէ ուժի թելադրանքի, կամ պարտադրանքի, և կամ նրանցից ողորմություն մուրալու հոգեբանության, այլ արտաքին հարաբերություններում վերադառնալու կանխատեսելի և վստահելի գործընկերոջ կարգավիճակին։

 Անկախության հռչակագրին համահունչ մենք կոչված ենք սեփական հայկական օրակարգով կրելու բոլոր պարտավորություններն ու պատասխանատվությունները,  որը ենթադրում և թելադրում է ազատ և անկախ պետականություն ունենալու մեծ գաղափարը։

Մաղթում եմ, որ մեր պետությունը, թե՛ ներսից և թե՛ արտաքին մարտահրավերների առջև, մնա խաղաղ և հաստատուն, հավատարիմ իր ճանապարհին ու իր Աստծուն, և մենք կարողանանք ունկդիր լինել աստվածային խոսքին, թե. «Դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու ժողովուրդ, և ապրեք որպես ազատներ»։

Շնորհավոր մեր Անկախության հռչակագրի օրը։ Թող Աստված զորացնի Հայաստանի Հանրապետությունը՝ մեր ժողովրդին նոր հաղթանակների և նոր կյանքի տեսիլքով, Հոգևոր Հայաստանի հաստատումով և հիմնադրումով, մեր կյանքի նոր ճանապարհի մեջ»;

Ուղերձն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ