09 08 2024

Խաղաղությունն է Ապագան, որը եղել է մարդկության հարատև ձգտումն իր գոյության ողջ ընթացքում․ Բագրատ սրբազան

Խաղաղությունն է Ապագան, որը եղել է մարդկության հարատև ձգտումն իր գոյության ողջ ընթացքում․ Բագրատ սրբազան

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գրում է․

Սիրելինե՛ր,

Շարունակում եմ մեր պայքարի վերակազմակերպման այս փուլի տրամաբանության մեջ ձեզ ներկայացնել մեր կյանքի կարևոր խնդիրների, մեր երկրին ու մեզ բոլորիս առնչվող թեմաների շուրջ իմ մտորումները, պատկերացումները, որոնք մասամբ հրապարակվել են տարբեր տարիների լույս տեսած իմ գրքերում, աշխատություններում, հոդվածներում։

Դուրս բերված հատվածները որոշ չափով լրացրել և խմբագրել եմ՝ այսօրվա հրատապ խնդիրների վերլուծությունից և նաև հրապարակման այս ձևաչափի պահանջներից ելնելով։

Խաղաղությունն է Ապագան, որը եղել է մարդկության հարատև ձգտումն իր գոյության ողջ ընթացքում։ Եվ Հայաստանում շատ ավելի պարզ ես տեսնում ու ընկալում խաղաղության խորքային, նախասկզբնական իմաստը։

Մեր երկիրը Սուրբգրային Արարատի Երկիրն է, որտեղ Աստված Ջրհեղեղից հետո Իր Խաղաղության ուխտը կնքեց վերածնված մարդկության և ամբողջ արարչագործության հետ:

Մեր Եկեղեցին այն Եկեղեցին է, որի պատմությունը շատ հաճախ նույնականացվել է մարտիրոսության և տառապանքի, հալածանքի, հայրենազրկության, շարունակական ճգնաժամերի և ցեղասպանության հետ, որոնք առկա են նրա պատմագրության գրեթե բոլոր էջերում։

Քննելով մեր ներկա աշխարհը և ժամանակակից մարտահրավերները՝ անժխտելիորեն տեսնում ենք, որ վերջին 100 տարիներին աշխարհն անասելի փոփոխությունների է ենթարկվել. երկու համաշխարհային պատերազմներ, հեղափոխություններ, քաղաքական համակարգերի փոփոխություններ, ոչ անպայմանորեն անհրաժեշտ և անվերջանալի պատերազմների շղթա Միջին Արևելքում և այլուր, որոնք տեղի են ունենում ժողովրդավարության և մարդու իրավունքի պաստառի ներքո:

Իրականում վերջին 25 տարիներում ավելի շատ փոփոխություններ են արձանագրվել, քան վերջին 2000 և ավելի տարիներում, որի համար էլ ճշմարտացիորեն ասվել է, թե «մարդը փոփոխություններ է կատարել ամեն ինչում, բացի իրենից»:

Ավելի քան 100 տարի է անցել, սակայն միջազգային հանրությունը դեռ տատամսում է ճանաչել հայերի կոտորածները որպես Ցեղասպանություն, որպես հանցագործություն ոչ միայն հայերի հանդեպ, այլև՝ ամբողջ մարդկության:

Դժբախտաբար, քաղաքական շահերը, երկակի չափանիշները, հարաբերական բարոյականությունն ավելի «ծանր են կշռում», քան ճշմարտությունն ու արդարությունը, այն իմաստով, որ սովորաբար «որոշվում է, թե ո՛ր ժողովուրդները մարդկային իրավունք ունեն, և ո՛ր ժողովուրդներից որոշակի սահմանումով այդ իրավունքը պետք է մերժվի»:

Առանց արդարության և մարդու իրավունքների հաստատման, այն խաղաղությունը, որը մենք փնտրում ենք, կլինի ժամանակավոր և փխրուն:

Այսօր մեր իսկ սխալների և միջազգային հանրության անտարբերության վերջնարդյունքում մենք հայտնվել ենք պատմական հերթական աղետի ճիրաններում։ Ելքերը մենք պետք է գտնենք ինքներս՝ վերակազմակերպելով մեր ուժերը, որոշելով մեր առաջնահերթությունները՝ մեր բնական դաշնակիցների և միջազգային իրավունքի գործող, ոչ ձևական ինստիտուտների օժանդակությամբ։

Խաղաղության և անվտանգության վերականգնումը այսօր մեր մեծագույն խնդիրն է, որին հասնելու համար նախ պիտի լիարժեք պատկերացնենք, թե ինչ է խաղաղությունը և ինչ է անվտանգությունը։

Անվտանգությունը մի ամբողջական համալիր է։ Երբ ասում եք «անվտանգության խնդիր», մի´պատկերացրեք միայն սահմանագծի անվտանգությունը։ Այո, դա մեր ֆիզիկական անվտանգության մասին է, որն առաջնային ու կարևոր է, բայց կա նաև հոգևոր անվտանգություն, պարենային, մշակութային անվտանգություն։

Եթե չկա հոգևոր անվտանգությունը, սահմանը ոչ ոք չի պահելու, որովհետև սահմանը մեր արժեքների հետ է կապված։ Զուտ խրամատի համար մարդիկ կյանք չեն զոհում։ Սահմանին կանգնած զինվորն ու սահմանին ապրող գյուղացին խրամատ ու ցանկապատ չեն հսկում, այլ՝ մեր երկրի ամբողջականությունը՝ ֆիզիկական և հոգևոր։ Սրա գիտակցումն է մարդուն պահում իր հողի վրա, և ամենևին ոչ փշալարը կամ միջազգային իրավունքի անապահով խոստումները։

Այն, ինչը մեզ այսօր փորձում են պարտադրել, խաղաղությունը չէ։ Մեզ ուզում են պարտադրել ստորացում, ազգային արժանապատվության ուրացում և հայրենազրկում՝ առանց ոտքի կանգնելու հնարավորության։ Խաղաղությունը չի կարող կառուցվել մարդկային ողբերգությունների, բռնի տեղահանությունների, հոգևոր ժառագության ոչնչացման վրա։ Այդպես կառուցվում է միայն նոր ողբերգությունների տանող ճանապարհը։

Սրա այլընտրանքը իրական խաղաղության ճանապարհն է, որին մենք կարող ենք հասնել գրագետ արտաքին քաղաքականության, դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնման, կայուն արտաքին քաղաքականության, ճիշտ օրակարգով Ռուսաստանի, Արևմուտքի, Իրանի և բոլորի հետ աշխատելու դեպքում (ամենամեծ սխալը օրակարգերի խառնաշփոթն է, որն ուրիշների մոտ սպասումներ և խորը կոնֆլիկտներ է առաջացնում)։

«Իրական և պատմական հայրենիքների» կեղծ օրակարգին ի պատասխան մենք պիտի առաջ տանենք իրական խաղաղության միակ օրակարգը, որը ներառում է անվտանգության միջոցառումների և ինստիտուտների համալիր, ամբողջական փաթեթ և մեր ներկա իրողությունների ու հեռանկարի հանդեպ ազնիվ, բաց, բայց նաև արժանապատիվ հայացք։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ