Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի հաղորդագրության կետերից մեկում նշված է հետևյալը. «Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024 թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն»: Այս մասին հայտնում է yerkir.am-ը։
«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ գրավոր հարցում ուղղելով՝ խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն առ այն, թե ինչու՞ կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024 թ. հուլիսի 1-ը տեղի չունեցան, ո՞րն է պատճառը:
Փոխվարչապետի գրասենյակից հղում են կատարել հուլիսի 1-ին Մհեր Գրիգորյանի գրասենյակի հրապարակած մամուլի հաղորդագրությանը, ըստ որի՝ «….համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ Հանձնաժողովներն իրականացնում են ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ: 2024 թ. հուլիսի 1-ի դրությամբ Հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ: Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով: Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»:
Ինչու՞ կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024 թ. հուլիսի 1-ը չեն ավարտվել, ինչպես այդ մասին պայմանավորվել էին 8-րդ հանդիպմանը, փոխվարչապետի գրասենյակը չի մեկնաբանում: Ստացվում է, որ կողմերը կարող են հանգիստ չկատարել պայմանավորվածությունները, խախտել հայտարարված ժամկետները և դրա մեջ արտառոց ոչինչ չտեսնել, ավելին, բանակցություններն անվանել կառուցողական:
Արդյո՞ք հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի և դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացի բացակայության պայմաններում մինչ օրս տեղի ունեցած սահմանազատումն ու սահմանագծումը, որի արդյունքում թշնամուն հանձնվեց 4 գյուղատեղի, չի համարվում ապօրինի և հանցավոր արարք՝ հարցին ի պատասխան, փոխվարչապետի գրասենյակը պատասխանել է. «Ոչ, չի համարվում: Ավելին՝ հարցի մեջ «թշնամուն հանձնվեց 4 գյուղատեղի» արտահայտությունը կոռեկտ չենք համարում»:
Իսկ թե ինու՞ չի համարվում ապօրինի և հանցավոր արարք, այսինքն՝ ինչպե՞ս կարող է մի մարմին, այն էլ այդչափ կարևոր և ճակատագրական նշանակության հանձնաժողով, գործել՝ չունենալով հաստատված կանոնակարգ, փոխվարչապետի գրասենյակը համառորեն չի մեկնաբանել: Իսկ թե ինչու է «թշնամուն հանձնվեց 4 գյուղատեղի» արտահայտություն համարվել ոչ կոռեկտ՝ թե՛ զարմանալի է, թե՛ լիովին հասկանալի՝ Փաշինյանի իշխանության օրոք: Ադրբեջա՞նը թշնամի չէ, թե՞ գյուղատեղիները չեն հանձնվել՝ ո՞րն է սխալ կամ, ըստ Մհեր Գրիգորյանի, ոչ կոռեկտ: Թե՞ պետք է ասեինք «բարեկամ Ադրբեջանին է վերադարձվել 30 տարի առաջ նրանից խլվածը», որ փոխվարչապետի համար լիներ կոռեկտ և բավարարեր Փաշինյանի իշխանության ադրբեջանասիրական քարոզչամեքենայի պահանջները:
Արդյո՞ք հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի և դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացի բացակայության պայմաններում թույլատրելի է և հնարավոր է շարունակել այսպես կոչված սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ինչի մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը: Այս շատ պարզ հարցը, պարզվում է, անհասկանալի է փոխվարչապետի գրասենյակի համար:
Ուզում էինք հարցնել՝ առանց սղոց ինչպե՞ս եք անտառ կտրելու կամ առանց կանոնակարգի ո՞նց եք սահման գծելու առաջիկայում. այնպես, ինչպես «գծել» եք նախորդի՞վ: Դա էինք հարցնում, ի՞նչն էր անհասկանալի կամ ոչ կոնկրետ: Ավելի արդար չէ՞ր լինի՝ խոստովանելը, որ այո՛, հնարավոր չէ, բայց քանի որ շեֆը մոլեգին կերպով հրամայել է «գծել», այն է՝ ինչ Ալիևը կուզի՝ շուտափույթ հանձնել, ստիպված գլուխներս կախ ենթարկվում ենք այդ հանցավոր և հայրենադավ հրամաններին:
Եվ ամենավերջում՝ նշված գործընթացները «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի ո՞ր հոդվածներով են կարգավորվում՝ հարցին, պարզվում է, փոխվարչապետի գրասենյակը կամ չի տիրապետում, կամ չի ուզում պատասխանել և առաջարկում է այն ուղղել արդարադատության նախարարությանը:
Պարզորոշ է՝ այս խայտառակ գործընթացն ուրիշի գրպանը գցելու ձգտում կա: Ինչպե՞ս կարող է փոխվարչապետի գրասենյակը, այդ պետական բարձրագույն ինստիտուտներից մեկը, որին լիազորված է իրականացնել սահմանազատման ու սահմանագծման կարևորագույն գործառույթներ, չիմանա, թե ինքը ներպետական օրենքների ո՞ր դրույթներով է առաջնորդվում: Իսկ եթե իսկապես չեն տիրապետում, ապա առնվազն պետք է այս փաստը դիտարկել իբրև հայտարարություն հանցագործության մասին, քանզի մարդիկ բարձրաձայն հայտարարում են, որ չգիտեն, թե օրենքների ո՞ր հոդվածներով են իրենք գյուղ ու միջպետական նշանակության ճանապարհ հանձնում թշնամուն, ներողություն, «վերադարձնում բարեկամին» (կոռե՞կտ է, պարոն Գրիգորյան)»,- ասվում է հոդվածում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը