Արևմուտքի ներկայացուցիչները Հայաստանին ներքաշում են Անդրկովկասում փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ուղղած են առաջին հերթին Ռուսաստանի դեմ։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով հուլիսի 15-24-ը Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան Eagle Partner 2024 խաղաղապահ ուժերի զորավարժությունների մասին։
Նրա խոսքով՝ այդ զորավարժությունները ափսոսանքից բացի այլ բան չեն առաջացնում: Դրանք տեղի կունենան Երևանի կողմից ՀԱՊԿ-ում իր մասնակցության սառեցման և կազմակերպության հասցեին հրապարակային հարձակումների ֆոնին։
«Ինչ խաղաղ, խաղաղարար նպատակներ էլ հռչակեն արևմտականները, ակնհայտ է, որ գլխավոր խնդիրը աշխարհաքաղաքական նախագծերի համար հարթակ ստեղծելն է։ Հարավային Կովկասում ամերիկացիների հայտնվելը միայն կթեժացնի տարածաշրջանում պահպանվող կոնֆլիկտային ներուժը և կստեղծի նոր բաժանարար գծեր»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ամերիկացիները զորավարժությունների քողի ներքո Հայաստանին պարտադրում են զինված ուժերի ՆԱՏՕ-ի չափանիշները։ Սա հանգեցնում է Հայաստանի անվտանգության ողջ համակարգի վերաձևակերպմանը։ Արդյունքնում դա Արևմուտքին լրացուցիչ լծակներ կտա ազդելու Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա։
Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մակարդակը ռազմավարական գործընկերության հասցնելու Հայաստանի որոշումը։
«Ռուսաստանը երբեք իր ընկերներին, դաշնակիցներին, գործընկերներին ընտրության առաջ չի դրել՝ մեզ հետ, թե մեր դեմ: Մենք նման խնդիր չենք ունեցել, դա հակասում է մեր հիմնական սկզբունքներին»,- ասել է նա։
«Հայ ժողովուրդը գիտակցո՞ւմ է, որ նման գործընկերություն ասվածը գործնականում չի նշանակում պաշտպանություն, խնամակալություն, օգնություն, առավել ևս՝ հայտարարված մասշտաբով օգնություն։
Այս մեխանիզմի իրական նպատակն է պայմաններ ստեղծել որոշակի երկրի՝ Միացյալ Նահանգների արտաքին վերահսկողության տակ անցնելու համար։ Նրանք կօգնեն ձեզ որոշումներ կայացնելիս, բայց կօգտագործեն ձեր տարածքը, ռեսուրսները, հնարավորությունները՝ առանց ձեր շահերը հաշվի առնելու»,- ասել է Մարիա Զախարովան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը