NEWS.am-ը գրում է․ Սյունիքի մարզում բանակից տուն վերադառնալիս ավտովթարից մահացած 20-ամյա Արմեն Մամյանը Տավուշի մարզի Կոթի գյուղից էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց գյուղի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը: Նրա խոսքով, ընտանիքը արդեն մի քանի տարի է՝ Իջանում էր բնակվում, սակայն Արմենի տատիկը գյուղում էր բնակվում: «Արմենը իրենից փոքր մի քույր ունի: Իջևանում էին ապրում: Հայրը հաճախ արտագնա աշխատանքի էր մեկնում: Քրտնաջան աշխատող, օրվա հացը վաստակող ընտանիք էր»,-պատմում է Անդրանիկ Հախվերդյանը: Վարչական ղեկավարի խոսքով՝ Արմենը տաղանդավոր տղա էր․ «Խելացի տղա էր, երգում էր, լավ ձայն ուներ: Գյուղի բոլոր միջոցառումներին մասնակցում էր: Ամբողջ գյուղը սիրում էր նրան, հիմա ոչ ոք չի ուզում հավատալ, որ նման բան է տեղի ունեցել: Գյուղացիները պատմում էին, որ տատիկը տորթ էր պատվիրել բարի գալուստ գրվածքով, սպասք էր գնել հատուկ, պատրաստվում էր գնալ Իջևան՝ թոռանը դիմավորելու»։
Հիշեցնենք, որ Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի էր ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Նախնական տվյալներով զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ։ Վթարի հետևանքով մահացել է զորացրված 2 զինծառայող, 5 զինծառայողն էլ վիրավորում են ստացել։ Մահացածներից մեկը վարորդն է, մեկը՝ ուղևորներից մեկը։ Նախնական տվյալներով բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը