Գիշերը դրոնները հարվածել են Բելգորոդին։ Տեղի ԶԼՄ-ները հրապարակել են լուսանկարներ քաղաքի կենտրոնի վնասված օբյեկտներից։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տեղեկացրել է, որ Բելգորոդի եւ Բելգորոդի շրջանի օդում խփվել է մի քանի օդային թիրախ, զոհվել է մեկ մարդ, վիրավորվել երկու խաղաղ բնակիչ։
Վոլգոգրադի մարզում ուժեղ հրդեհ է սկսվել Դոնի Կալաչ քաղաքի նավթաբազայում, այրվել է էլեկտրաենթակայանը Ֆրոլովո քաղաքում, վկայում է հրապարակված վիդեոն։ Այս օբյեկտներում «անօդաչուների բեկորների մասին» տեղեկությունները հաստատել է նահանգապետ Անդրեյ Բոչարովը։ Նավթաբազայի հրդեհը շարունակում են մարել։
Աստրախանի նահանգապետ Իգոր Բաբուշկինը առավոտյան տեղեկացրել է անօդաչուների «զանգվածային փորձի» մասին մարզի հյուսիսում, որը, նրա պնդմամբ, հաջողությամբ «հետ է մղվել»։
Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը եւս հայտնել է «զանգվածային գրոհի» մասին, որն սկսվել է գիշերը ժամը մոտ 2-ին։ Ռոդիոնովո-Նեսվետայի շրջանում այրվել են էլեկտրակայանի երկու տրասնֆորմատորներ, իսկ Դոնի Ռոստովում բեկորների ընկնելու վայրում այրվել է չոր բուսականությունը, գրել է նահանգապետը թելեգրամում։
Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսեւը տեղեկացրել է ինքնաթիռի տիպի մի քանի դրոնների ոչնչացման մասին՝ նշելով, որ ավերածություններ եւ տուժածներ չկան։ Կուրսի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը թելեգրամում գրել է չորս խփված անօդաչուի մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը