Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.
«2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական բռնազավթումից հետո ադրբեջանական կողմը առաջին հերթին ցուցադրաբար ապամոնտաժեց Շուշի քաղաքի մոտ գտնվող հայտնի տանկ-հուշարձանը։ Հիշեցնենք, որ Տանկն Արցախի ազատագրական պայքարի սիմվոլն էր, հաղթանակի խորհրդանիշը, որտեղ հարգանքի տուրք են մատուցում Շուշիի ազատագրական պայքարում նահատակված հերոսների հիշատակին։ Բայց, 2023 թվականի սեպտեմբերին պարզ դարձավ, որ Ադրբեջանը ապամոնտաժել, ապա ոչնչացրել է Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին տեղադրված տանկը, ժառանգության ոչնչացմամբ վտանգելով նաև հաղթանակի հիշողությունը սերունդներին փոխանցելու հնարավորությունը։
Իսկ վերջերս, ադրբեջանցի բլոգեր Քյամրան Ռազմովարը տանկ-հուշարձանի մոտից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ադրբեջանական կողմը ոչնչացրել է նաև հուշարձանի մոտ տեղադրված խաչքարերը, զոհված ազատամարտիկների անունները հավերժացնող հուշատախտակները: Մասնավորապես, փշրված է 44-օրյա պատերազմում Քարինտակում զոհված Հակոբ Հարությունյանի հիշատակին տեղադրված 2021 թվականին տեղադրված խաչքարը, ինչպես նաև տարածքում կանգնեցված մյուս խաչքարերը:
Ադրբեջանի համակարգված արշավն այս ուղղությամբ հատկապես ընդգծվում է մի քանի նշանակալից խաչքարերի ոչնչացմամբ։ Դրանց թվում են դեռևս 2020 թվականին ոչնչացված Հադրութի շրջանի Առաքել գյուղի խաչքարի, քաղաքի ազատամարտիկների հուշահամալիրի խաչքարի, Լաչինի պատմական գերեզմանոցի 14-րդ դարի եզակի խաչքարի, ինչպես նաև 15-16-րդ դարերով թվագրվող մի շարք խաչքարերի ոչնչացումներով։ Բացի այդ, ոչնչցվել են նաև Շուշիի հայ-հունական հին գերեզմանոցի 12-13-րդ դարերի եզակի խաչքարերը և այլ շրջաններում գտնվող խաչքարեր։
Մեր արձագանքը
Խաչքարերի թիրախավորումն արգելված է միջազգային օրենքներով և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» և համարվում է համամարդկային արժեք։ Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն։
Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը