19 06 2024

Ալեն Սիմոնյանի աշխատավարձը 1 տարում ավելացել է շուրջ 3,5 մլն դրամով

Ալեն Սիմոնյանի աշխատավարձը 1 տարում ավելացել է շուրջ 3,5 մլն դրամով

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2023 թվականի վերջի դրությամբ 3 վարկ ունի, որի մայր գումարի մնացորդների գումարը կազմել է շուրջ 63․7 մլն դրամ։ Այս մասին հայտնում է Factor.am-ը՝ վկայակոչելով նրա՝  2023 թվականի վերաբերյալ  հայտարարագիրը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած փասթաղթի համաձայն, վարկերից 2-ը նա վերցրել է բնակարան գնելու համար․ տարվա ընթացքում շուրջ 9 մլն դրամ է ուղղել վարկերի մարումներին։

ԱԺ նախագահը Երևանի Կենտրոնում միանձնյա սեփականության 1 բնակարան ունի, որը ձեռք է բերել 2019 թվականին։ Սիմոնյանը Երևանի կենտրոնում առանձնատուն է շահագործում 90 և ավելի օր։ Խոսքը, հավանաբար, կառավարական ամառանոցի մասին է, որը պատկանում է պետությանը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատավարձը 1 տարում ավելացել է շուրջ 3,5 մլն դրամով։ Տարվա ընթացքում Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի աշխատակազմից ստացել է 17 մլն 944 հազար դրամ, իսկ նախորդ տարի նա ստացել էր 14 մլն 406 հազար դրամ։

Բացի այդ, Սիմոնյանը Վոլոդյա Հովհաննիսյանից ստացել է 240 հազար դրամ, Գեղամ Սիմոնյանից` 814 հազար դրամ, լրագրող Անի Գևորգյանից` 240 հազար դրամ։ Ալեն Սիմոնյանը վերը նշված անձանց դատի էր տվել վիրավորանքի և զրպարտության համար։ Անի Գևորգյանը լրագրող է, Գեղամ Սիմոնյանը operative.am կայքի ներկայացուցիչը, իսկ Վոլոդյա Հովհաննիսյանը պահեստազորի սպա է, որին Ալեն Սիմոնյանը դատի էր տվել «Հայելի» մամուլի ակումբի եթերում արված հայտարարությունների համար։

Բացի այդ՝ Ալեն Սիմոնյանը ֆինանսների նախարարությունից ստացել է շուրջ 3 մլն 300 հազար դրամ և Հայէկոնոմբանկից վարկ՝ շուրջ 353 դոլար։

Ալեն Սիմոնյանը փոխառություն է տվել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին 53,8 մլն դրամ։ Նա տարեվերջին իր բանկային հաշվին ունեցել է շուրջ 1 մլն 700 հազար դրամ և 24 մլն 800 հազար դրամ կանխիկ գումար։

Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, Freenews հեռուստաընկերության տնօրենն է և գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ի տնօրենը։ Տեղեկությունը ներկայացված է Ալեն Սիմոնյանի հայտարարագրի շահերի վերաբերյալ հատվածում։ Նա տարվա ընթացքում Freenews հեռուստաընկերությունից ստացել է 8 մլն 192 հազար դրամ աշխատավարձ, 600 հազար դրամ էլ`«ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից, որտեղ աշխատում է որպես տնօրեն։ ԱԺ նախագահի կինը ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ից 10 մլն 800 հազար դրամ փոխառություն կամ վարկ է վերցրել, 447 հազար դրամ էլ վերցրել է Ամերիաբանկից։ Տարեվերջին Մարգարյանը 3 մլն 300 հազար դրամ և 1500 դոլար կանխիկ գումար է ունեցել։ Մարիամ Մարգարյանը 2021 թվականին նույն տարվա արտադրության LAND ROVER մեքենա է գնել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ