12 06 2024

Շինարարներում սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Շինարարներում սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ հունիսի 11–ին Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած՝ 43–ամյա տղամարդու սպանության, ինչպես նաև 35–ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2024 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 23։17-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Էստոնական փողոցում կրակոցներ են հնչում։

Նույն օրը՝ ժամը 23։53-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ  իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի 35–ամյա բնակիչը՝ «պարանոցի շրջանի հրազենային վնասվածք» և 43–ամյա բնակիչը՝ «գլխի, մարմնի տարբեր հատվածների հրազենային վնասվածք» ախտորոշումներով։ Ավելի ուշ նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ 43–ամյա տղամարդը մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են եղել «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների  ավտոմեքենաներ:

«LAND CRUISER» մակնիշի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել են կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ  պարկուճներ և փամփուշտ:

Ձեռնարկվում են անհետաձգելի անհրաժեշտ միջոցառումներ, կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին (անձանց) ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Ոստիկանությանը տրվել են համապատասխան հանձնարարություններ։

Նախաքննության ընթացիկ արդյունքներից ելնելով՝ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա համապատասխան տեղեկատվությամբ։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ