03 06 2024

Ինչ որ հրաշքով 2 օրում 2 ոստիկանի ցուցմունքով գործ հարուցվեց և ձերբակալվեց Լևոն Քոչարյանը. պատգամավորը՝ ՔԿ նախագահի տեղակալին



«Պարոն Այվազյան, ո՞ւր է ձեր ղեկավարը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանն ո՞ւր է»,- այսօր ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այս հարցն ուղղեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին:

Հիշեցնենք, որ ԱԺ պետք է գար Արգիշտի Քյարամյանը: Չէր եկել: Խամոյանն արձանագրեց, որ իրավապահ մարմիների եւ ոչ մի ղեկավար չեկավ ու զեկույցով հանդես չեկավ՝ պատասխանելով խորհրդարանական երկրի պատգամավորների հարցերին: Հուշեցին, որ Սասուն Խաչատրյանն եկել է: Պատգամավորն արձանագրեց. «Մեջների սեւամորթը պարոն Խաչատրյանն է, դա էլ հավանաբար շնորհակալությունն է իր եղբորը ՍԴ անդամ դարձնելուն»:

Վլադիմիր Վարդանյանը հորդորեց էթիկայի շրջանակներում մնալ, Խամոյանը հակադարձեց, թե սեւամորթ է ասել. «Ոչ մի էթիկական խախտում թույլ չեմ տվել: Պարո՛ն Այվազյան, դուք կասեք, որ պարոն Քյարամյանը զբաղված է, գերծանրաբեռնված է: Ինչո՞վ: Ընդդիմադիրների վրա քրեական գործեր կարելով»:

Նա ասաց, որ ամբողջ աշխարհն է տեսել, թե ոնց են պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա «ոհմակով հարձակվում»: Վլադիմիր Վարդանյանը սկսեց տեղից միջամտել. «Թույլ չեմ տալու ավարտել», կողքից Արփի Դավոյանը վիճեց, թե ոհմակով հարձակվելը ո՞րն է: Խամոյանն էլ բացատրեց, թե դրա անունն ի՞նչ է, երբ 60 հոգով հարձակվում են:

Ագնեսա  Խամոյանն անդրադարձավ նաև Լևոն Քոչարյանի հետ տեղի ունեցած դեպքին՝ նշելով, որ ամբողջ աշխարհը տեսել է, թե ինչպես են մի քանի հոգով խոշտանգում Լևոն Քոչարյանին.

«Տեսանք, թե ինչպես են ոստիկանները հարվածում Լևոն Քոչարյանին, բայց ինչ որ հրաշքով 2 օրում 2 ոստիկանի ցուցմունքով գործ հարուցվեց, Լևոն Քոչարյանին ձերբակալեցին»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ