Hraparak.am-ը գրում է․ Առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հայտնի աթեիստ է ու հակաեկեղեցական, երեկ մի գրառում էր արել Հայ առաքելական եկեղեցու դեմ.
«Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին։ Բացի նրանից, որ նա պետք է ավելի քան 100-ամյա առասպելներ ու կարծրատիպեր կոտրի, որպեսզի կարողանա նավարկել փոթորկոտ այս ծովում, փաստացի նա նաև մի 1700-ամյա առասպել էլ պետք է վերջնական և հիմնահատակ կոտրի, թեև մասամբ դա իրականացրել է պետականություն հիմնելով։ Բայց քանի որ եկեղեցին բացահայտում է իր իրական նպատակները, այն է իր ներքին և արտաքին խմբակային շահի համար զոհաբերել ՀՀ պետականությունը՝ խաղալով յուր հետևորդների հավատքի և զգացմունքների հետ, շռայլելով սուտ խոստումներ, ժողովուրդը վերջնական գնահատական պետք է տա այդ կառույցին և նրա պետականակործան նպատակներին։ 1700-ամյա պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ կրկնված հայկական պետականության կործանման մեջ ունեցած եկեղեցու անմիջական ավանդը սպառվելու է, Հայաստանի Հանրապետությունը չի ընկրկելու»։
Մենք խնդրեցինք այս գրառումը մեկնաբանել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին:
Նա ասաց.
«Չեմ կարծում կարիք կա անհեթեթությունները մեկնաբանել: Միայն կավելացնեմ, որ մտավորական երևալու համար ոչ թե պետք է ակնհայտ իրողությունները առասպելաբանություն համարել, այլ նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը