Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի իրականացրած սադրանքը, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր, տեխնիկական իմաստով Միջազգային քրեական դատարանի իրավազորության տիրույթում է, քանի որ դատարանի կանոնադրությունը գործում է Հայաստանի տարածքի նկատմամբ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա հայտնել է, որ իրենց թիմն ուսումնասիրում է նշյալ դեպքը՝ հասկանալու, թե ինչ որակում պետք է տրվի տվյալ միջադեպին՝ պատերազմական հանցագործությո՞ւն, թե այլ։
«2022 թվականի սեպտեմբերին Սև լճի մոտ ադրբեջանցիները գնդակահարել էին զենքը վայր դրած զինվորականներին, և դա ակնհայտ պատերազմական հանցագործություն էր։ Այս դեպքի հետ կապված պետք է հասկանալ՝ ինչ որակում է պետք տալ, չեմ ուզում շտապել, բայց եթե հիմքեր լինեն այն որպես պատերազմական հանցագործություն որակելու համար, ապա այո՝ դատարանի իրավազորությունը կարող է գործել։ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունն ավելի առարկայական տարածվում է այլ դեպքերի վրա՝ օրինակ Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանումն ակնհայտ հանցագործություն է, որի պարագայում, կարծում եմ, դատարանի իրավազորությունը գործում է»,- նշել է Կիրակոսյանը։
Կարդացեք նաև՝ «Կարճ ասած»․ Նոր փոսեր՝ Եռաբլուրում․ ո՞վ է մեղավոր սահմանին սադրանքի համար
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը