07 05 2024

«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին․ Yerkir.am

«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին․ Yerkir.am

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: 

Yerkir.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Վահագն Խաչատուրյանը նախօրեին Սան Ֆրանցիսկոյում ցանկացել է հանդիպել ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Գուգլի» տնօրենի հետ: Ընկերությունից, սակայն, կտրականապես մերժել են Վահագն Խաչատուրյանի առաջարկը՝ բացատրելով, որ նման հանդիպումների համար կա հատուկ նախատեսված կարգ, ըստ որի՝ պետք է առնվազն 30 օր առաջ դիմել և ստանալ հաստատում: Ընկերությունում հավանաբար նաև զարմացել են, երբ իմացել են, որ դիմողը չնայած երկրի նախագահ է, սակայն վերջինիս աշխատակազմը չի տիրապետում արարողակարգի տարրական կանոններին:

Իրականում՝ ՀՀ նախագահի աշխատակազմում հազիվ թե չիմանան, որ ցանկացած տիպի ու տեսակի հանդիպում, այն էլ երկրի նախագահի հետ, պլանավորվում է վաղօրոք: Սակայն ՀՀ միջազգային հեղինակությունը Փաշինյանի ձեռամբ հասցվել է շրիշակի մակարդակի, ինչի արդյունքում, դժվար է ճարել մի երկիր կամ խոշոր հաստատություն, ում մոտ որևէ հետաքրքրություն կառաջացնի Վահագն Խաչատուրյան անուն-ազգանունը։ Ելնելով դրանից՝  վերջինիս աշխատակազմը, հավանաբար, փորձում է «ձեռքի հետ՝ ոտքի վրա» տարբերակով հանդիպումներ «կպցնել», նկարվել ու ցույց տալ դրանով, թե իբր Վահագն Խաչատուրյանը որքան է կարևորված այստեղ կամ այնտեղ:

Բայց Վահագն Խաչատուրյանի խայտառակվելը Սան Ֆրանցիսկոյում դրանով չի սահմանափակվել. չկարողանալով հանդիպել «Գուգլի» տնօրենի հետ՝ վերջինս դիմել է ընկերությանը՝ խնդրելով, որ իրեն թույլ տան հանդիպել ընկերության՝ Սան Ֆրանցիսկոյում բնակվող շուրջ 30 հայազգի աշխատակիցների հետ: «Գուգլի» գրասենյակից կրկին մերժել են՝ հայտնելով, որ չեն կարող դրա համար տրամադրել արարողակարգերի համար նախատեսված որևէ սենյակ: Արդյունքում՝ Վահագն Խաչատուրյանը ցանկացել է հայազգի աշխատակիցների հետ հանդիպել ընկերության ինչ-որ մի սենյակում: Բայց դա էլ է ձախողվել. Սան Ֆրանցիսկոյում «Գուգլի» շուրջ 3 տասնյակ աշխատակիցների ծանրակշիռ մասը ուղղակի մերժել է հանդիպել, իրենց իսկ բնորոշմամբ, «հող հանձնող» նախագահի հետ: Արդյունքում՝ արհամարհված վիճակում հայտնված Վահագն Խաչատուրյանն ու նրա 20 հոգանոց պատվիրակությունը դադարեցրել են նշված ուղղությամբ «բանակցությունները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ