Ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայր չկա։ Եթե կա, ուրեմն թող անունը տան։ Կարող եմ նշել այն բնակավայրերը, որոնց մասին խոսում է Ադրբեջանը։ Հայկական կողմին քննադատողները կարո՞ղ են այդպիսի բնակավայր անվանել։ Այս մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ես ուրախ եմ, որ մենք սյուներ ենք տեղադրում և ապահովում սահմանը: Չէ՞ որ մենք սահման ենք ֆիքսում ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համար։
Մենք սահման ենք ստանում։ Մի՞թե սահման ստանալը միակողմանի զիջում է։ Մի՞թե զիջում է այն, որ հավանական հարձակվող կողմը ճանաչում է մեր սահմանը: Հայաստանի որևէ տարածք հանձնվե՞լ է։ Հայաստանի տարածքի ոչ մի մետր չի կարող քննարկման առարկա լինել»,- հավելել է Սիմոնյանը։
Նա վստահեցրել է, որ Հայաստանի տարածքը ոչ ոք չի հանձնում։
«Որտեղ մենք ենք առաջ գնացել՝ նահանջում ենք, որտեղ Ադրբեջանն է առաջ եկել՝ նրանք են նահանջում։ Հիմա այս տարածքը դարձել է ավելի պաշտպանված, քանի որ սահմանը ֆիքսվել է։ Եթե նրանք որոշեն հարձակվել, այս դիրքերը շատ քիչ տարբերություն կունենան: Իմ երաշխիքը օրինական սահմանն է, այն, որ Ադրբեջանը ճանաչել է սահմանի այս հատվածը։ Ավելի հուսալի երաշխիք աշխարհում ոչ ոք չի ստեղծել։
Որևէ մեկը կարծո՞ւմ է, որ մենք՝ լավագույն դիրքեր ունենալով, կարող ենք կռվել Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի և սիրիական վարձկանների դեմ։ Հարցը միայն զոհերի թիվն է։ Բայց մենք պետք է հայկական և ադրբեջանական օրակարգից հանենք պատերազմի մասին մտածելակերպը։
Իսկ հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչո՞վ էին զբաղված այդ բոլորը պատերազմի ժամանակ։ Ոչնչով, բայց հիմա դատարկաբանությամբ են զբաղված։ Հիմա նրանք, այդ թվում՝ երրորդ երկրի դրդմամբ, զբաղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն սանձազերծելով, որպեսզի ի հայտ գան հարցեր լուծողներ և հայտնվեն խաղաղապահներ։ Մեզ խաղաղապահներ պետք չեն, մեզ պետք է, որ մենք վերահսկենք սահմանը»,- հայտարարեց Սիմոնյանը՝ հավելելով, թե երբ գա ժողովրդի կարծիքը լսելու ժամանակը, մենք կլսենք ժողովրդի կարծիքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը