20 04 2024

Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից

Տավուշի մարզպետը  հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից

Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա առաջարկեց բացել ճանապարհը և հավաքվել դպրոցի դահլիճում` զրուցելու։ Նա նշեց, որ բնակիչները ցանկացել են իր հետ հանդիպել՝ եկել է։

Ղալումյանը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը՝ հավելելով, որ քանի դեռ տեսախցիկը չեն անջատել, ոչինչ չի խոսելու գյուղացիների հետ։ Բնակիչների մի մասը պնդեց, որ հանդիպումը տեղի ունենա հենց բողոքի վայրում՝ բացօթյա։ Այդուհանդերձ, բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման, մյուս մասը հրաժարվեց հեռանալ։ Հանդիպումը տեղի է ունենում դպրոցի շենքում:

Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել ճանապարհը:

Կիրանցի բնակիչներից մի մասը, որոնք գնացել էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ փակ հանդիպման, հայտարարեցին, որ մարզպետը որևէ նոր բան չի ասում, միայն պահանջում է ճանապարհը բացել։

«Ինչպես ժողովրդին խաբում էին, նույնը հիմա շարունակում են, խաբելով ամեն ինչ առաջ տանեն, Ոսկեպարում ուրիշ բան ասեն, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ։ Ստի ու կեղծիքի վրա է հիմնված ամեն ինչ։ Ասում էր՝ ճանապարհը բացեք»,-նշեց բնակիչներից մեկը, ով ևս մասնակցում էր մարզպետի հետ հանդիպմանը։ 

Նա նշեց՝ քանի որ ոչ մի երաշխիք չկա, դրա համար էլ ժողովուրդը ինքնաբուխ դուրս է եկել և փակել ճանապարհը։

«Պետք  է ժողովուրդն արթնանա, կորցնում ենք հայրենիքը, Ալիևի քմահաճույքներով մինչև երբ պետք է գնանք, էսօր Կիրանցն ա ուզում, վաղը Դիլիջանը կուզի, մյուս օրը՝ Երևանը․․․ ես չեմ վախենում, ով չի վախենում թող գա իմ կողքին կանգնի»,-ասաց նա։

Նշենք, որ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։

Այսօր առավոտից էլ Կիրանցի բնակիչներն են փակել ճանապարհը:

Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ