Մենք ասում ենք, որ ջուրը պետք է ստանդարտացնենք, որպեսզի կարողանականք արտահանել եվրոպական շուկա, բայց ոչինչ որ մեր ժողովուրդն այդ ջուրը խմում է, թող ֆոսֆորը 100 անգամ ավելի լինի։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ջրի ստանդարտացմանը։
«Մենք այս ամեն ինչի մասին պետք է խոսենք ժողովրդի հետ, որովհետև գնաճն ինքը, իհարկե սահմանված շրջանակներում, տնտեսության զարգացման և՛ նշան է, և՛ խթան։ Աա շատ կարևոր արձանագրում է։ Ստանդարտացնել նշանակում է թանկացնել, բայց մենք պետք է հասկանանք՝ ինչ որակի պետություն, հասարակություն ու կյանք ենք ուզում։ Այն, որ մենք հիմա բոլորս այստեղ նստած ենք կոստյումով ու փողկապով, դա էլ է ստանդարտ և դա թանկացրել է մեր բոլորի կյանք։ Մենք կարող էինք գալ «չստերով ու սպարտիվկայով», բայց եթե հանրությունը հեռուստատեսությամբ այդ պատկերը տեսներ, ի՞նչ կմտածեր։ Բայց երբ հանրությունը տեսնում է խոզի «ջանդակը» մայթին փռած վաճառում են, չի ասում՝ «մի րոպե, այս ի՞նչ եք անում»։ Ընդհակառակը, երբ ուզում ենք ստանդարտ դնել, ասում է՝ «բայց մի րոպե, խոզի միսը կթանկանա»։ Բայց այդ խոզի միսը կթանկանա նրա հաշվին, որ դրա վրա կավելանա անվտանգության կոմպոնենտ, առողջապահական ավելի հուսալի կոմպոնենտ և իրականում տեղի կունենա խնայողություն այն ապագա ռիսկի, որ մարդը պետք է թունավորվեր ու վերակենդանացման բաժանմունքում երեք օր պառկեր «սիստեմաների» տակ», - նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը