ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ չի քննարկել Տավուշի մարզով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց։ Այդ մասին, ի պատասխան «Փաստինֆոյի» հարցման, հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Արտաշես Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ Վրաստանից Հայաստան եկեղ մայրուղային գազատարն անցնում է Ոսկեպարի ճանապարհով, որը Ադրբեջանի կողմից ներկայացված 4 գյուղերի հանձնման պահանջը բավարարվելու դեպքում ևս անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է այդ տարածքները հանձնելու իր դիրքորոշման մասին։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք քննարկվո՞ւմ է գազատարի տեղափոխման հարցը, քանի՞ կիլոմետրանոց նոր գազատար պետք է կառուցվի, որքա՞ն ժամանակ կպահանջվի դրի համար, որքա՞ն կարժենա նոր ճանապարհով նոր գազատարի շինարարությունը, ընկերությունն այսօր հնարավոր համարո՞ւմ է ներդրումային նման ծրագրի իրականացումը, թե՞ ակնկալում են նաև պետության կողմից ֆինանսական աջակցություն։
Ի պատասխան՝ գլխավոր տնօրենի տեղակալ Արտաշես Գաբրիելյանը տեղեկացրել է, որ նման հարց չի քննարկվում։
«Ի պատասխան Ձեր գրավոր հարցման, հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրաձայնված թվով 4 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի քննարկել»,- հայտնել է Գաբրիելյանն ու ավելացրել,- «Նոր մայրուղային գազատարների կառուցման անհրաժեշտության դեպքում վերջիններիս համար պահանջվող աշխատանքների ծավալը հնարավոր է որոշել ելակետային տվյալների հավաքագրման արդյունքներով, իսկ պահանջվող գումարի չափը և աշխատանքների կատարման տևողությունը հնարավոր է որոշել նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման արդյունքներով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը