16 02 2024

Պարզաբանում․ ինչո՞ւ է Կարմիր խաչի նախագահությունը հեռացրել Աննա Եղիազարյանին

Պարզաբանում․ ինչո՞ւ է Կարմիր խաչի նախագահությունը հեռացրել Աննա Եղիազարյանին

Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար է ընտրվել Արթուր Արիստակեսյանը, նախկին քարտուղար Աննա Եղիազարյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Կարմիր խաչի նախագահությունը, որն ունի բացառիկ իրավասություններ, որոշում էր կայացրել՝ հեռացնել արդեն նախկին քարտուղարին եւ նշանակել նոր քարտուղար։ Միևնույն ժամանակ նախագահությունը նշանակել էր հերթական համագումարի նիստ։ Թե ինչո՞ւ էր հեռացրել նախկին քարտուղարին, որովհետև մի քանի խախտումներ էր արձանագրել նախագահությունը։ Նախագահության անդամները միաձայն հարց են բարձրացրել, թե ո՞րն է պատճառը, որ դու, որպես գլխավոր քարտուղար,  ունենալով պարտավորություն՝ ներկայացնելու տարեկան հաշվետվություն, չես ներկայացրել նախագահությանը, որպեսզի այն համագումարը հաստատի, ինչպես նաև եղել են կանոնադրական այլ խախտումներ։ Ընկերության անդամների 1/3-ը որոշում է, որ պետք է գումարվի արտահերթ համագումար, դրա թույլտվությունն էլ տալիս է բացառապես նախագահությունը։ Նախագահության փորձագետները ուսումնասիրել են այդ փաստաթղթերը և պարզել են, որ ստորագրությունների մասը բացակայում է, մի մասում անձնագրի տվյալներ ընդհանրապես չկան, նաև մերժել էր արտահերթ համագումարը, որի իրավունքն ինքը չուներ»,- նշեց Բաղդասարյանը։

Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ եթե Աննա Եղիազարյանը գտնում է, որ իրեն անօրինական են ազատել  աշխատանքից, ապա կարող է օրենքով սահմանված կարգով դիմել դատական պաշտպանության․

«Նա որևէ կարգով չի բողոքարկել, և չնայած այն, որ կանոնադրությամբ սահմանված է, որ բացառապես նախագահության ուժի որոշմամբ է արտահերթ համագումարը նշանակվում, բայց անտեսելով նախագահության որոշումը, երեկ նշանակել էին արտահերթ համագումար։ Նշվում է նաև, թե նախկին գլխավոր քարտուղարն իբրև եղել է արձակուրդում, և իրեն հեռացնելու իրավունք չունեին։ Կանոնադրությամբ պարտադիր պայման է այն, որ գործատուն պետք է քեզ տա արձակուրդ, այսինքն՝ առանց նախագահության որոշման հայտարարել ես, թե դու արձակուրդո՞ւմ էիր․ դա իրավաչափ չէ»։

Փաստաբանը պատմեց, որ Աննա Եղիազարյանի կողմից հրահանգ է իջեցվել, որ աշխատակիցները չգնան աշխատանքի․ «Իրավական գործիքակազմն այժմ առկա է։ Չնայած դրան այժմ Կարմիր խաչում աշխատանքը ընթանում է բնականոն հունով»։

Ավելի վաղ ՀԿԽԸ գլխավոր քարտուղարությունը հայտարարություն էր տարածել, որ մամուլում այսօր հայտնված տեղեկությունը, ըստ որի Աննա Եղիազարյանն ընտրվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ, չի համապատասխանում իրականությանը:

«Մամուլում այսօր տեղեկություն է տարածվել, որ ՀԿԽԸ կողմից փետրվարի 8-ին աշխատանքից ազատված Աննա Եղիազարյանը «ընտրվել է» ՀԿԽԸ նախագահ, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Նախագահի ընտրությունները, որոշման համաձայն, տեղի են ունենալու ս․թ․ ապրիլի 8-ին, իսկ տիկին Աննա Եղիազարյանը զբաղվում է ինքնագործունեությամբ, որի առթիվ հաղորդում է ներկայացել համապատասխան մարմիններին»,- նշվել էր հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ