Ուկրաինայի ազգային ռազմաբժշկական կենտրոնը փետրվարի 8-ին Ուկրաինայի հայերի միության կենտրոնակայանից հերթական մարդասիրական օգնությունն է ստացել, որը տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից։
Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից՝ մանրամասնելով, որ ընդհանուր առմամբ, նվիրաբերվել է մոտ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ։
Ինչպես հայտնում են դեսպանատնից՝ հումանիտար օգնության հանձնման արարողությանը ներկա էին նաև Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Համիկ Սայադյանը, Ուկրաինայի հայերի միության աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը և Ուկրաինայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Նախորդ մարդասիրական օգնությունը Դնեպրոպետրովսկի շրջանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ընթացիկ տարվա փետրվարի 1-ին, իսկ հաջորդը կտրամադրվի Խարկովի հիվանդանոցներից մեկին»,-նշել են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը