19 01 2024

Պետական մարմինների կողմից օրենքով չվերապահված գործառույթներ իրականացնելը մտահոգիչ է և կրում է իշխանության չարաշահման ռիսկեր. հայտարարություն

Պետական մարմինների կողմից օրենքով չվերապահված գործառույթներ իրականացնելը մտահոգիչ է և կրում է իշխանության չարաշահման ռիսկեր. հայտարարություն

«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն»-ը հայտարարություն է տարածել։

 

««Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՔԻՀԿ) շարունակում է ուսումնասիրել Հայաստանում քաղաքական իրավունքների նկատմամբ միջամտությունները։ 

Արդար դատաքննության իրավունքը քաղաքական իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից է, որի նկատմամբ ցանկացած միջամտություն պետք է համապատասխանի օրինականության և համաչափության սկզբունքներին։

2024 թ․ հունվարի 17-ին ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու դատարանի որոշման հիմնավորվածությունը։
Ինչպես նշված է դատական իշխանության պաշտոնական կայքում՝ Դեպարտամենտն ապահովում է անկախ պետական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, դատավորների ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նաև քաղաքացիական, գանձապետական համակարգի, գնումների, ֆինանսատնտեսական և այլ գույքային իրավահարաբերություններին նշված մարմինների մասնակցությունը:

Ոչ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, ոչ Դատական դեպարտամենտի կանոնադրությամբ ուրվագծված չեն այնպիսի լիազորություններ, որոնց ուժով դեպարտամենտը կարող է մեկնաբանել ընթացիկ առանձին դատական գործերով կայացված դատական ակտերը կամ դատավորի գործունեությունը։

Դատական ակտերի իրավաչափությունը պաշտոնատար անձանց կողմից կարող է գնահատվել միայն դրանց բողոքարկման գործընթացով, իսկ գործի քննության ընթացքում դատավորի վարքագիծը՝ միայն կարգապահական վարույթների արդյունքում։

Հակառակ մոտեցումը` ընթացիկ դատական գործով դատական ակտի իրավաչափությունը հիմնավորվելու կամ քննադատելու փորձը, միջամտություն է արդարադատության իրականացմանը։
Պետական մարմինների կողմից օրենքով չվերապահված գործառույթներ իրականացնելը մտահոգիչ է և կրում է իշխանության չարաշահման ռիսկեր։ Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՔԻՀԿ-ը այուհետ մշտադիտարկելու է Բարձրագույն դատական խորհրդի և դրա աշխատակազմի՝ Դատական դեպարտամենտի հրապարակային գործունեությունը» ,- ասված է հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ