15 01 2024

Երեխայի վրա տանը եռման սուրճ են թափել և փորձել տնային պայմաններում «բուժել»

Երեխայի վրա տանը եռման սուրճ են թափել և փորձել տնային պայմաններում «բուժել»

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնում են, որ հունվարի 14-ին ԲԿ է տեղափոխվել 1,5 տարեկան երեխա՝ դեմքի, պարանոցի և ձախ վերին վերջույթի շրջանում առաջացած այրվածքային վերքերով՝ հետագա բարդացմամբ:

«Դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին. երեխայի վրա տանը եռման սուրճ են թափել: Ծնողները փորձել են տնային պայմաններում «բուժել»՝ անհայտ ծագման քսուկ են քսել այրվածքների վրա և չեն դիմել բժշկի։

Հունվարի 10-ին երեխայի մոտ դիտվել է բարձր ջերմություն՝ տենդ, բազմակի փսխումներ, որի պատճառով դիմել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենայով փոքրիկին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Երեխայի վիճակը բուժման օրերի ընթացքում Այրվածքաբանության ազգային կենտրոնում գնալով ծանրացել է։ Դիտվել են միզարտադրության հետ կապված խնդիրներ, ունեցել է դժվարաշնչություն, որովայնի փքվածություն, ցավոտություն, ազատ հեղուկ որովայնում և կրծքավանդակում։

Հունվարի 13-ին՝ գիշերը 1:30-ին, երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, նախապես վիրաբուժության և վերակենդանացման բաժանմունքների վարիչների կողմից զննվելուց ու փոխհամաձայնեցնելուց հետո։

Երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, գիտակցությունը՝ մթագնած, դիտվել են թուլություն, գունատություն, շնչառությունը՝ դժվարացած, հաճախացած, առկա են եղել հևոց, անհանգստություն: Որովայնի խոռոչում հայտնաբերվել է մոտ 500 մլ հեղուկ, իսկ պլևրալ խոռոչներում՝ 150 և 50 մլ հեղուկ։

Կատարվել է սրտաբանի կոնսուլտացիա, հայտնաբերվել է սրտի կծկողական ֆունկցիայի խիստ անկում, 3-4-րդ աստիճանի սրտային անբավարարություն, սեպտիկ միոկարդիտ, կարդիոգեն շոկ։

Ախտորոշված է եղել նաև մոտ 7% ջերմային այրվածք՝ պարանոցի, ձախ վերին վերջույթի շրջանում, այրվածքային հիվանդություն, հիպոալբունիեմիա, ասցիտ, երկկողմանի հիդրոթորաքս, 2-3-րդ աստիճանի շնչառական անբավարարություն, սուր երիկամային անբավարարություն, սեպսիս:

Հաջորդ օրը՝ հունվարի 15-ի առավոտյան բուժառուի մոտ դիտվել է վիճակի վատացում՝ սրտի կանգ, կատարված վերակենդանացման միջոցառումների արդյունքում երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել:

Վերջնական կլինիկական ախտորոշում կտրվի դատաբժշկական փորձաքննության արդյունքում։

Եվս մեկ անգամ հորդորում և զգուշացնում ենք բոլոր ծնողներին չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ անհապաղ դիմել համապատասխան մասնագիտացված բուժհաստատություն՝ ցավալի բարդություններից խուսափելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ