12 01 2024

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածել են Եմենին

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածել են Եմենին

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Արևմտյան պետությունների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ խոցվել են հութիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերը և ռադիոտեղորոշիչ կայանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
 
Ալ Հադաթ հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը Կարմիր ծովի կողմից հարվածներ են հասցրել հութիների դիրքերին՝ երկրի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտակայքում: Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, նույնպես հայտնել է հարվածների մասին:
 
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան բարձր գին կվճարեն երկրին հասցված զանգվածային հարվածների համար, այս մասին հայտարարել է Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը:

«Անկասկած, Ամերիկան և Բրիտանիան կկրեն այս ագրեսիայի բոլոր հետևանքները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է «Անսար Ալլահ»-ի կառավարությունում փոխարտգործնախարար Հուսեյն ալ-Էզզին:

Հութիների առաջնորդ Աբդուլ Մալեք ալ-Հութինն էլ հայտարարել է, որ Եմենի վրա ԱՄՆ-ի ցանկացած հարձակում անպատասխան չի մնա և զգուշացրել, որ պատասխանը շատ ավելի մեծ կլինի, քան ծովում ամերիկյան նավերի վրա հարձակումը:

Ռուսաստանի Դաշնությունը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել հունվարի 12-ին՝ կապված Եմենում գտնվող թիրախներին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարվածների հետ։ Այս մասին հայտնել են կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունից։

«Ռուսաստանի Դաշնությունը հունվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջել՝ կապված Եմենի վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածների հետ»,- ասվում է Մշտական առաքելության Telegram ալիքում։

Հանդիպումը պահանջվել է ժամը 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 18:00-ին), ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՄԱԿ-ի աղբյուրը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ