168.am-ը գրում է․
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող դրահամահավաքների ընթացքում տարեցտարի ավելի քիչ գումար է հանգանակվում. վերջին դրամահավաքն այս տարվա նոյեմբերին էր՝ հավաքած ընդամենը 8.4 միլիոն դոլարով։
Ակնհայտ է, որ 2020 թվականի սեպտեմբերի 44-օրյա պատերազմի օրերին ամբողջ աշխարհի հայերի նվիրատվությունների անհասկանալի մսխումը հիասթափություն է առաջացրել Հիմնադրամի նկատմամբ։ Աշխարհի հայերն այլևս իրենց գումարը չեն վստահում այս համահայկական կառույցին, քանզի պատերազմի առիթով հանգանակված միլիոնավոր դոլարները հիմնադրամն ուղղեց ՀՀ Կառավարությանը՝ սոցիալական ծախսեր իրականացնելու համար։
Խնդիրի շուրջ հանրային ուշադրությունը ստիպեց մասնավորապես ընդդիմությանը գնալ այդ գումարների ծախսման հետքերով։
Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ ստեղծվեց Քննիչ հանձնաժողով՝ հարյուրավոր դոլարների ճակատագիրը պարզելու համար, քանզի ակնհայտ է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամում նվիրատուների քանակը կրճատվում է, փոխարենը՝ ավելանում են Փաշինյանի կնոջը պատկանող «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուներն ու նվիրաբերված գումարների ծավալները։
168.am-ի եթերում «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը, խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին արված նվիրատվությունների՝ անընդհատ փոքրացող ծավալների մասին, շեշտեց՝ դրա պատճառը պատերազմի ժամանակ արված նվիրատվություններն այլ ուղղությամբ ուղղելն է։
«Ես էլ հիմնադրամ ունեմ. ամեն ինչ շատ լավ եմ հասկանում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2020 թվականին հավաքեց 180 միլիոն դոլար, որից, սակայն, 105 միլիոն դոլարը Փաշինյանի հրահանգով ուղղվեց Կառավարությանը։ Ես մինչև հիմա չեմ տեսել որևէ հաշվետվություն, թե այդ փողերն ինչպես ծախսվեցին, հետևապես՝ Փաշինյանը մի քանի վատ բան արեց. Նախ՝ Հիմնադրամը չէր կարող գումար փոխանցել Կառավարությանը, փոխանցել է, երկրորդ՝ պետք է հաշվետվություն ներկայացներ, չի ներկայացրել։ Սա է, որ ջախջախեց սփյուռքահայերի վստահությունն այդ Հիմնադրամի նկատմամբ։ Տեսանք, որ վերջին դրամահավաքին որքան քիչ գումար հավաքվեց։ Ամեն օր մարդիկ ինձ զանգում, ասում են՝ այլևս փող չեմ տալու Հիմնադրամին, չեմ վստահում»,- ասաց Հարութ Սասունյանը՝ ընդգծելով՝ թող «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարությունը միայն իրեն մեղադրի այդքան քիչ գումար սփյուռքից հավաքելու համար։
«Ժողովուրդը տեսնում է, որ փողն իր նպատակին չի ծառայում։ Նույնիսկ նվազագույն հարգանք չունեն հաշվետվություն տալու, թե այդ գումարներն ուր գնացին»,- խոսքը եզրափակեց Հարութ Սասունյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը