06 12 2023

ՔԿ-ն՝ Սուրենավանում 7-ամյա տղայի մահվան մասին

ՔԿ-ն՝ Սուրենավանում 7-ամյա տղայի մահվան մասին

 

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի 7–ամյա բնակչի մահվան հանգամանքների մասին։

Կոմիտեից հայտնում են, որ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:23-ին, «Արարատ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ենթակայանից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի ակումբի տարածքում շների հարձակման հետևանքով «Կենսաբանական մահ» ախտորոշմամբ հայտնաբերվել է նույն բնակավայրի 7–ամյա բնակչի դին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալներով՝ 2023թ․ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Սուրենավան բնակավայրի միջնակարգ դպրոց գնալու ճանապարհին՝ «Մշակույթի տան» դիմաց, 7–ամյա տղայի և ընկերների հետևից եկել են թափառող շներ։ Երեխաները վազել են, որի ընթացքում 7–ամյա տղայի ոտքը սայթաքել է, և վերջինս ընկել է սալիկապատ հատակին՝ գլուխը հարվածելով ճանապարհի եզրաքարին, որի հետևանքով մահացել է: 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ